Բաժին. Բիզնես

Հարկային արտոնություն՝ «ԱՍԷԴԼ» ՍՊԸ էներգախնայող ապակիների մշակման ներդրումային ծրագրին

Կառավարությունը բավարարեց «ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված սարքավորումները, հումքը, նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ալյումինե, մետաղապլաստե տարատեսակ լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրության համար, ապակու (թրծում, լամինապատում, անցքերի փորվածքներ, եզրերի հղկում), մետաղապլաստե, ալյումինե դռների և պատուհանների արտադրության նպատակով: Նախարարի խոսքով՝ այս ծրագրով Հայաստանում առաջին անգամ է իրականացվելու  էներգախնայող ապակիների մշակում։

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 870 մլն դրամի կապիտալ ներդրում (տարածքների ձեռքբերում և վերանորոգում, նոր սարքավորումների ձեռքբերում): Ներկայումս առկա է 170 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 80-100 նոր աշխատատեղ` 160,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 7.5 մլրդ դրամ, որից 3.5 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 2 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 2 մլրդ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 7 մլրդ 559 մլն 830 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 869 մլն 558 հազար դրամ:

Share