Բաժին. Բիզնես

Ryanair-ի առաջին չվերթի իրականացումը կարող է լինել ուշացումներով

Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության առաջին չվերթը Հայաստան հունվարի 14-ին ամենայն հավանականությամբ կկայանա, սակայն կարող են լինել ուշացումներ:

Այս մասին նշեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Խնդիրը Ryanair-ի հետ կապ չունի: Իտալիայում կարգավարները գործադուլ են անելու: Ես կապ եմ հաստատել ավիաընկերության ղեկավարության հետ: Սկզբում Հայաստանը ներառված է եղել չեղարկվող չվերթների ցանկում, սակայն հետո հանվել է: Երբ կոնկրետ տվյալներ լինեն, մենք անպայման կհաղորդենք: Խորհուրդ ենք տալիս հետևել կոմիտեի կայքին»,-ասաց Տաթևիկ Ռևազյանը:

Եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում Հայաստանի ավիացիոն շուկա: Առաջին չվերթն ավիաընկերությունը կիրականացնի հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ, ապա մարտի վերջից կգործի Բեռլինի ուղղությունը, իսկ Գյումրին Գերմանիայի բավարական Մեմինգեն քաղաքի հետ կկապվի մարտի վերջից: Ryanair ավիաընկերությունը հունվարի 3-ին սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար` Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ:

Share