Բաժին. Բիզնես

Վիվա-ՄՏՍ. կորպորատիվ նոր տարբերանշան

Վիվա-ՄՏՍ. Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը սկսել է կորպորատիվ տարբերանշանի նորացման գործընթաց: Դրա մասին տեղեկանում ենք ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ֆեյսբուքյան ելույթից:

Այսպես, փոփոխվում են ընկերության տարբերանշանի՝ լոգոյի, բաղադրիչ մաս կազմող գրառումները. «Cell» բաղադրիչը տարբերանշանից դուրս է գալիս, և նոր տարբերակում պահպանվում են միայն «Viva» և «MTS» հատվածները, ինչն արտահայտում է ընկերության՝ թվային ծառայությունների և առաջարկների ստեղծմանն ուղղված նոր ռազմավարությունը: Այս մոտեցմանը համահունչ փոփոխվում է նաև «Viva» գրառման գրաֆիկական տեսքը: «Մենք փոխում ենք մեր ընկերության տարբերանշանը: Չէ՞ որ տարբերանշանը՝ լոգոն, պետք է համապատասխանի այն ամենին, ինչ ընկերությունն անում է, պետք է համապատասխանի ընկերություն ինքնությանը», – նշել է Վիվա-ՄՏՍ-ի տնօրենը: Տարբերանշանի ոճային փոփոխությունը նաև շեշտադրում է ընկերության ռազմավարական ուղղվածությունը դեպի երիտասարդությունն ու դեպի թվային աշխարհը՝ գունեղ, համարձակ ու կենսախինդ:

«Բոլորիս համար տարիների ընթացքում հարազատ դարձած Վիվան, մեր ինքնության հիմքն ու խորհրդանիշը, մնացել են անփոփոխ: Cell-ը, որ նշանակում է բջիջ, և խորհրդանշում է բջջային կապի ծառայությունները, այսինքն՝ այն, ինչ մենք միշտ մատուցել ենք: Այսպիսով, շարունակելով մատուցել հեռահաղորդակցության ծառայություններ՝ անցում ենք կատարում դեպի թվային (digital) բազմաթիվ ծառայություններ տրամադրող ընկերություն», – պարզաբանել է Յիրիկյանը:

Նորացված ոճը կոչված է ընդգծելու, որ Վիվա-ՄՏՍ-ն այսօր շուկայում առաջարկում է շատ ավելին, քան պարզապես ձայնային ու տվյալների փոխանցման ծառայություններն են, այդ թվում նաև՝ մի շարք խաղային, զվարճալիքային, ուսուցողական հավելվածներ, էլեկտրոնային դրամապանակ, բջջային հեռուստատեսություն, ամպային ծառայություններ և օգտակար լուծումներ բիզնեսի ու ֆինանսների արդյունավետ կառավարման համար, և այլն:

Ներկայումս Վիվա-ՄՏՍ-ը փոխակերպման փուլում է՝ հեռահաղորդակցության օպերատորից դեպի թվային համալիր ծառայություններ առաջարկող ընկերություն: Գլխավոր տնօրենի խոսքով՝ դա համահունչ է ոլորտի զարգացման համաշխարհային միտումներին, ինչպես նաև՝ բաժանորդների աճող կարիքներին ու ակնկալիքներին:

———–

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share