Բաժին. Բիզնես

Թուրքիայի տուրիստական բիզնեսն անհանգստացած Է Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումից

Թուրքիայի տուրիստական ինդուստրիայի մասնագետներն անհանգստությամբ են հետեւում սիրիական Իդլիբում իրադրության սրման ֆոնին Անկարայի եւ Մոսկվայի հարաբերություններում աճող լարվածությանը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Թուրքիայի ճանապարհորդությունների բիզնեսի ներկայացուցիչը, ով չի ցանկացել, որ իր անունը նշվի:

Ավելի վաղ նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ Թուրքիան դեռեւս իրեն բավարարող արդյունք չի ստացել սիրիական Իդլիբի շուրջ ՌԴ-ի հետ բանակցություններում եւ պատրաստ Է ռազմական գործողություն սկսել այդ տարածաշրջանում:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դա համարել Է վատագույն սցենարը: «Իդլիբի ճգնաժամի պատճառով երկու երկրների միջեւ աճող տարաձայնությունները, անտարակույս, անհանգստություն են առաջացնում ճյուղում: Առկա Է 2015 թվականի «ինքնաթիռային ճգնաժամի» տխուր փորձը, երբ Ռուսաստանն արգելք դրեց Թուրքիա չարթերային թռիչքների եւ տուրիստական փաթեթների վաճառքի վրա, եւ մեր տուրիստական սեկտորը շատ դժվարին ժամանակներ ապրեց»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ Ռուսաստանից հանգստացողները, որոնք հիշում են 2015 թվականի իրադարձությունները, նույնպես անհանգստացած են երկու երկրների հարաբերություններում առկա լարվածությունից:

«Լարվածության սաստկանալու դեպքում կարող են կրկին հայտնվել ուղեւորությունների սահմանափակումներ, եւ զբոսաշրջիկները երկյուղում են, որ իրենց ամրագրումներին ու փողերը կկորչեն: Սոցցանցերում շարունակ լուրեր են շրջանառվում այդ մասին»,-հայտարարել Է թուրքական տուրիստական բիզնեսի ներկայացուցիչը: Նա նշել Է, որ 2015 թվականի ճգնաժամից հետո Թուրքիայում շատ Էին խոսում տուրիստական շուկայի դիվերսիֆիկացման եւ ռուսաստանցի զբոսաշրջիկներից կախվածությունը նվազեցնելու մասին, բայց այժմ Անթալիան Էլ ավելի կախյալ Է դարձել նրանցից:

«Փետրվարի 20-ին Թուրքիան չեղարկեց եվրոպական վեց երկրների քաղաքացիների համար այցագրերն այն հնարավոր կորուստները փոխհատուցելու նպատակով, որոնք կարող են լինել ՌԴ-ից զբոսաշրջիկների հոսքի անկման պատճառով: Այդ որոշումն ընդունելու արագությունը դա Է մատնանշում: Բայց յոթ միլիոն ռուսաստանցի զբոսաշրջիկներին փոխարինել չեն կարող այն երկրներից ժամանող հյուրերը, որոնց համար չեղարկվել են այցագրերը»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության տվյալներով՝ 2019 թվականին երկիր այցելած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը կազմել Է 7,018 միլիոն, ինչը բացարձակ ռեկորդ Է եւ 17,65 տոկոսով գերազանցում Է 2018 թվականի համանման ցուցանիշը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Share