Բաժին. Բիզնես

«Արմաթն» անհատույց կերպով դիմավահաններ է տրամադրել ՀՀ շուրջ 50 բուժհաստատության

«Արմաթ» կրթական ծրագրի խմբավարների կողմից օրերս ստեղծվել է առցանց քարտեզ, որով հնարավոր է հետեւել դիմավահանների պատրաստման ու  տրամադրման վիճակագրությանը։

Արտակարգ դրության պայմաններում առկա 575 Արմաթ ինժեներական լաբորատորիաների 98 տոկոսն իրականացնում է հեռավար ուսուցման դասընթացներ: Միևնույն ժամանակ, ապահովելով անվտանգության անհրաժեշտ բոլոր պայմանները` գործող 575 Արմաթ ինժեներական լաբորատորիների գործիքակազմի կիրառմամբ 72 խմբավարներ պատրաստել և Հայաստանի բոլոր մարզերի  (այդ թվում՝ Արցախի) ու Երևան քաղաքի շուրջ 50 բուժահաստատություններին, ինչպես նաև  Ջավախքի 4 բուժկենտրոններին, անհատույց կարգով հանձնել են 2600 դիմավահան։ Վերջիններս միտված են օգնելու առավել վտանգավոր միջավայրերում աշխատող բժիշկներին կանխագելել կորոնավիրուսի տարածումը:

Ինչպես նշում են պատասխանատուները, գործընթացում խուսափել են ներգրավել «Արմաթի» սաներին՝ ելնելով նրանց ռիսկի չենթարկելու նպատակադրումից։ Անհրաժեշտության դեպքում սաներից շատերը կարող էին ինքնուրույն իրականացնել դիմավահանների պատրաստման աշխատանքները՝ հենվելով «Արմաթում» ձեռք բերած գիտելիքի վրա:

««Արմաթն» ապացուցեց, որ իր կոնցեպցիան գործուն է ու ճիշտ։ Լաբորատորիաների բաշխվածությունը հանրապետությունով մեկ թույլ է տալիս ոչ միայն որակյալ կադրեր պատրաստել բոլոր մարզերում, այլեւ արտակարգ իրավիճակներում թե՛ «Արմաթի» տված գիտելիքը, թե՛ գործիքակազմն օգտագործել հասարակության բարօրության համար», – նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Հիշեցնենք, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման կրթական ծրագիրը ձեռնարկել եւ իրականացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ): 2020 թվականի հունվար ամսվա դրությամբ Հայաստանի (այդ թվում՝ Արցախի) և Վրաստանի տարածքում գործում են 575 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ շուրջ 15,000 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։

Share