Բաժին. Բիզնես

2020թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4%-ով

2020թ. հունվար-մարտ ամիսներին, 2019թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.0%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական Կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի,առևտրի շրջանառության, գյուղատնտեսության համախառն արտադրանքի և բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալների աճը: Անկում է արձանագրվել շինարարության ոլորտում։

Այսպես, հունվար-մարտ ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8.70%-ով, շինարարությունը նվազել է 9.4%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 0.2%-ով, բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 5.5%, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի աճը կազմել է 4.5%:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 450,400.6 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 657,530.4 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 451,575.8 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 43,914.3 մլն ՀՀ դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 73,621.9 մլն դրամ:

Share