Բաժին. Բիզնես

Ucom. Անհայտ անձինք շարքից դուրս են հանել Ucom-ի բջջային կայանն Արմավիրում

Այսօր վաղ առավոտյան պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք շարքից դուրս են հանել Արմավիրում գործող Ucom-ի 4G+ բջջային կապն ապահովող կայաններից մեկը։ Կտրված են դրա աշխատանքն ապահովող օպտիկական մալուխն ու հարակից լարերը, լրջորեն վնասված են կայանի տարբեր մասերը։ Բջջային կայանը տեղակայված է երկրում գործող մյուս օպերատորների բջջային կայանների անմիջական հարևանությամբ, որոնք անվնաս են մնացել։ 

«Շարքից հանված է հենց Ucom-ի շարժական կապն ապահովող բջջային կայանը։ Անհայտ անձը կամ անձինք խոշոր չափի վնաս են պատճառել ընկերությանը և այդ քայլով՝ զրկել Արմավիրում բնակվող մեր բաժանորդներին կապի մեջ մնալու, առցանց կրթվելու և աշխատելու հնարավորությունից։ Իրավապահ մարմիններին հանցագործության մասին հաղորդում է տրվել, նախաքննությունն ընթանում է, շարժառիթները պարզվում են», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

Հավելենք, որ բջջային կայանների կառուցման և տեխնիկական սպասարկման թիմն անմիջապես մեկնել է Արմավիր՝ կայանը վերականգնելու և ծառայությունների մատուցման բնականոն ընթացքն ապահովելու համար։ Ucom ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը ժամանակավոր անհարմարության համար։

Share