Բաժին. Բիզնես

ԱՄԵՐԻԱԲԱՆԿ – «100 ՏԱՐԻՆ ԴԵՌ ՍԿԻԶԲՆ Է»

Այսօր` հոկտեմբերի 26-ին, հրավիրվել էր մամլո ասուլիս` նվիրված «Ամերիաբանկ» ՓԲԸ անցած ճանապարհի պատմական փաստերի ներկայացմանն ու բանկի ձեռքբերած արդյունքների պարզաբանմանը: «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության անդամ, զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը ասուլիսի շրջանակներում ներկայացրեց Հայաստանի Ազգային Արխիվի փաստաթղթերի հիման վրա կատարված հետազոտության արդյունքները, ըստ որի բանկն արդեն 100 տարեկան է:
Եվ այսպես, պատմական մի փոքր ակնարկ. 1895 թվականին Երևանում բացվել է Անդրկովկասի խոշորագույն, հայկական արմատներով «Թիֆլիսի կոմերցիոն բանկ»-ի գրասենյակը, որի հիման վրա հետագայում կազմավորվել է «Թիֆլիսի կոմերցիոն բանկ»-ի երևանայան մասնաճյուղը: Վերջինիս լիակատար գործունեություն է սկսել ծավալել 1910 թվականից: Այս տարեթիվն էլ «Ամերիաբանկ»-ը դիտարկում է որպես իր պատմության սկիզբ:
Հետագայում, 1916 թվականին անվանափոխություն է կատարվել և «Թիֆլիսի կոմերցիոն բանկ»-ը վերափոխվել է «Կովկասյան բանկ»-ի, իսկ հայաստանյան մասնաճյուղը`  «Կովկասյան բանկի երևանյան մասնաճյուղ»-ի և մինչև 1920 թվականը գործել հենց այս անվան տակ` սպասարկելով բավականին մեծ թվով հաճախորդների: Բանկի խոշոր ավանդատուներն են եղել Էջմիածնի կաթողիկոսարանը, Աֆրիկյանների տունը և այլն:
ՀՀ առաջին հանրապետության կազմավորումից հետո բանկը դարձել է կառավարության ամենախոշոր վարկատուն: Հետագայում, 1920 թվականին բանկը ազգայնացվել է և 1924 թվականին բանկի հիման վրա ստեղծվել է «Կոմունալ բանկ» անվամբ նոր բանկ: Վերջինս 1954 թվականին վերակազմավորվել է հայկական «Ստրոյբանկ»-ի: 1974 թվականին այս նույն բանկի հիման վրա ստեղծվել է ԽՍՀՄ «Վնեշտորգբանկ»-ի հայաստանյան մասնաճյուղը: Վերջինս 1988 թվականին  վերանվանվել է «Վնեշէկոնոմբանկ»:
Արդեն 1992 թվականին ՀՀ կենտրոնական բանկի որոշմամբ կազմավորվեց «Հայներարտբանկ» ՓԲԸ-ն, իսկ արդեն 2008 թվականին «Հայներարտբանկ»-ը վերափոխվեց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի, երբ «Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը գնեց «Հայներարտբանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը:
Share