Բաժին. Բիզնես

Android օպերացիոն համակարգից ամսական օգտվողների քանակն անցել է 2 միլիարդից

Կալիֆորնիայի Մոունթեյն Վյու քաղաքում մեկնարկել է Google-ի ամենամյա Google I/O կոնֆերանսը, որի ընթացքում սովորաբար ներկայացվում են կորպորացիայի նորույթները և ցուցանիշները։

Google I/O 2017 կոնֆերանսի ընթացքում հանրության ներկայացվեց Google Assistant ձայնային օգնականի iOS տարբերակը, որը օգնության կհասնի Apple-ի սարքավորումները գերադասողներին։ Այն շուտով հասանելի կլինի App Store հարթակում։

Հանրության ներկայացվեց նաև Անդրոիդ օպերացիոն համակարգի նոր տարբերակը՝ Android O, որի բետան արդեն իսկ հասանելի է ծրագրավորողների համար։ Android O օպերացիոն համակարգի շեշտադրումների մեկն անվտանգությունն է։ Անվտանգության ապահովման համար ստեղծվել է  Google Play Protect գործառույթը, որի միջոցով կստուգվեն սմարթֆոն ներբեռնվող հավելվածները։ Նշենք նաև, որ Android O-ն երկու անգամ ավելի արագ է քան Android N-ը։ Android O-ից բացի ներկայացվեց նաև Android GO օպերացիոն համակարգը, որը գործարկվել է տեխնիկական ցածր ցուցանիշներ ունեցող սարքավորումների համար՝ մինչև 1 ԳԲ օպերատիվ հիշողություն։

Կոնֆերանսի ընթացքում Google-ի տնօրեն Սունդար Փիչայը հայտնել է, որ Android օպերացիոն համակարգից ամսական օգտվողների քանակն անցել է 2 միլիարդից։ 2015թ.-ի սեպտեմբերից Android-ի օգտատերերի թիվն աճել է 400 մլն-ով։

Փիչայը նաև նշել է, որ Google Photos հարթակից ամսական օգտվում է 500 մլն օգտատեր, որոնք օրական համակարգ են վերբեռնում 1.2 մլրդ լուսանկար։

Կոնֆերանսի ընթացքում հայտարարվել է նաև Google for Job ծառայության մեկնարկի մասին։ Ծառայությունը սկզբնական շրջանում կգործի ԱՄՆ-ում։ Google for Job-ի շրջանակներում Google-ը կհամագործակցի ոլորտի առաջատարներ՝ LinkedIn, Facebook, Careerbuilder Monster, Glassdoor և այլ հարթակների հետ։ Google for Job-ը գործում է որոնողական համակարգի շրջանակներում, երբ օգտատերը համակարգի միջոցով փնտրի առաջարկ` Google-ը կցուցադրի օգտատիրոջը համապատասխան հայտարարությունները։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է դոմենային անվանման գրանցում ծառայությունը .AM և .ՀԱՅ տիրույթներում, այդ թվում նաև ոչ հրապարակային տարբերակով։ Ի դեպ, Ռոստելեկոմի Հոսթինգ ծառայության բաժանորդները (բացառությամբ Բրոնզ փաթեթի) կարող են բաժանորդագրվել դոմենային անվանման գրանցում .am կամ .հայ տիրույթում ծառայություններին՝ վճարելով ընդամենը 7500 դրամ տարեկան վճար գործող 10000 դրամի փոխարեն։

Share