Բաժին. Բիզնես

HTC ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐՆ ԱՐԴԵՆ «ՀԱՍԿԱՆՈՒՄ» ԵՆ ՆԱԵՎ ՀԱՅԵՐԵՆ

Orange Care-ը տեղեկացնում է, որ այսուհետ կարելի է HTC Desire HD և Desire Z սմարթֆոններով կարդալ նաև ինտերնետային հայերեն էջեր, ինչը նախկինում անհնար էր: Դեռևս մի քանի ամիս առաջ, ականջալուր լինելով իր բաժանորդների խնդրանքներին` Orange-ը դիմել էր իր պաշտոնական գործընկեր HTC ընկերությանը` խնդրին լուծում տալու խնդրանքով, որի արդյունքում այսօր արդեն երկու սմարթֆոններ «հասկանում են» հայերեն տեքստերը: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Օրանժ-Արմենիա ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նշենք, որ այն բաժանորդները, ովքեր արդեն HTC Desire HD կամ Desire Z են գնել ընկերության խանութներում, կարող են Orange Care անկյուններում ստանալ բոլոր համապատասխան թարմացումները և վայելել Android օպերացիոն համակարգի հնարավորությունները` զրկված չլինելով հայերեն էջերից: Հայերեն տառերը կարդալու համար ավելի “գիտակ” բաժանորդները կարող են նաև ինքնուրույն կատարել անհրաժեշտ թարմացումը` բեռնելով Android օպերացիոն համակարգի 2.3.3 տարբերակը:

Orange-ը շարունակելու է HTC սմարթֆոնների և Android օպերացիոն համակարգով աշխատող այլ սարքավորումների կողմից հայերեն տառերի ճանաչմանն ուղղված ջանքերը` նպատակ ունենալով ներառել հնարավոր բոլոր մոդելները:

Share