Բաժին. Բիզնես

ORANGE ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ` ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Այսօր Orange­ը մեկնարկեց 2011թ. Նորարարության մրցույթը Երևանի Պետական Համալսարանի և Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի (Պոլիտեխնիկ) երևանյան և մարզային մասնաճյուղերի ուսանողների համար: Մրցույթի արդյունքում լավագույն նորարարական գաղափարի հեղինակը ճանաչված ուսանողը կմեկնի Ֆրանսիա` 6-ամսյա վճարվող պրակտիկայի Orange-ի գիտահետազոտական լաբորատորիաներոից մեկում և կաշխատի նորարարական նախագծերի վրա:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի շրջանակներում Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, ներկայացնելով մրցույթի հիմնական գաղափարը, նշեց.  «Հայ երիտասարդներն ունեն նոր գաղափարներ առաջ քաշելու հսկայական պոտենցիալ, ցանկություն և գիտելիքներ: Այս երիտասարդներին հաճախ պակասում է միայն մի բան` փոքրիկ հնարավորություն, փայլուն նախագծերի հեղինակը դառնալու և իրենց դրսևորելու համար, և մենք ուզում ենք տալ նրանց այդ հնարավորությունը: Orange Արմենիան մեծ միջազգային Խմբի մասն է կազմում, և մեր գործունեությունը Հայաստանում կտա առավելություն հայ ուսանողներին` կատարելագործվել մեր Խմբի բազմաթիվ գիտահետազոտական լաբորատորիաներից մեկում: Վստահ եմ, որ հաղթողը կվերադառնա Հայաստան որպես պատրաստի մասնագետ և օգտակար կլինի ինչպես իր համալսարանին, այնպես էլ երկրին»: 

Երկու համալսարանների ռեկտորները ողջունել են Orange-ի այս նախաձեռնությունը և ամեն կերպ աջակցել մրցույթի անցկացմանը` հատկապես կարևորելով հայ  ուսանողների համար այսօրինակ աշխատանքային պրակտիկայի ընձեռած ապագա հնարավորությունները, ինչպես նաև հետագայում գիտական աշխատանքի պատրաստվող մասնագետների համար նորանոր հմտությունների ձեռքբերումը:

Մրցույթի կարելի է մասնակցել` մինչև ապրիլի 20-ը գրանցվելով Orange-ի պաշտոնական վեբկայքում հատուկ ստեղծված կայքէջում և էլեկտրոնային ձևաչափով ուղարկելով նախագիծը և կենսագրությունը: Մրցույթին կարող են մասնակցել 4-րդ կուրսի, ինչպես նաև մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները:

11 հոգուց կազմված Ժյուրին, որի կազմում են Orange Արմենիայի հայ և արտասահմանցի 7 մասնագետներ, Orange Lab-երի2 ներկայացուցիչ, ինչպես նաև` մեկական ներկայացուցիչ ԵՊՀ-ից և ՀՊՃՀ-ից, կգնահատի ներկայացված գաղափարներն ըստ հետևյալ չափանիշների. նորարարական, հետաքրքիր, օգտակար և հեշտ կիրառվող: Գաղափարը պետք է վերաբերի հեռահաղորդակցության ոլորտին (ցանց և ինժեներիա, ծրագրային ապահովում և հավելվածներ, շարժական կապի նորարարական եղանակներ, սարքավորումներև այլն) և ներկայացված լինի անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով: Այսլեզուներից մեկի բավարար տիրապետումը անհրաժեշտ է հետագայում Ֆրանսիայում պրակտիկան անցնելու համար: Մրցույթի հաղթողի անունը կհրապարակվի Orange-ի կայքում մայիսի 20-ին:

Share