Բաժին. Բիզնես

ORANGE. ՀՈՒՇԱԳԻՐ` «ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության դահլիճում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ի դեմս հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի և Orange Արմենիան, ի դեմս Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի, ստորագրեցին համագործակցության հուշագիր` «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակում համագործակցություն ծավալելու նպատակով:

Համագործակցության շրջանակներում Orange-ի վաճառքի ցանցում, որը ծածկում է հանրապետության բոլոր մարզերը, կիրականացվի համակարգիչների վաճառք 0 տոկոս կանխավճարով և երկու տարի մարման ժամկետով:

«Հայաստանում ծառայությունների մատուցման մեկնարկի օրվանից սկսած` մենք մեր առջև նպատակ ենք դրել լայնաշերտ ինտերնետը հասցնել բոլորին` անկախ եկամուտներից ու բնակության վայրից: Դրան է միտված եղել մեր քաղաքականությունն ինտերնետի ոլորտում: Այժմ հպարտ ենք միանալ «Ձեռնարկությունների ինկուբատոր» Հիմնադրամի և ՀՀ Կառավարության նախաձեռնած այս ծրագրին, որը նույնպես նպատակ ունի մասսայականացնել ինֆորմացիոն տեխնոլոգիաների օգտագործումը Հայաստանում: Կարծում եմ, որ այս նախաձեռնությանն ի սպաս դնելով վաճառքի մեր ընդարձակ ցանցն ու մեր հնարավորությունները` կօժանդակենք Հայաստանում տեղեկատվական հասարակության կայացմանը», –  այս կապակցությամբ ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Համակարգիչ բոլորի համար» ծրագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտների զարգացմանը և տեղեկատվական հասարակության կայացմանը, մասնավորապես` հասարակության լայն խավերի շրջանում համակարգիչների տարածմանը, ինտերնետ հասանելիության ապահովմանը և էլեկտրոնային բովանդակության օգտագործման ծավալների մեծացմանը:

« Համակարգիչ բոլորի համար » ծրագիրն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր» Հիմնադրամի կողմից` ՀՀ Կառավարության, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Համաշխարհային Բանկի և Կենտրոնական Բանկի աջակցությամբ:

Share