Բաժին. Բիզնես

ORANGE ԱՐՄԵՆԻԱՆ ՄԻԱՆՈՒՄ Է IPV6 ԻՆՏԵՐՆԵՏ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱՆ

Orange Արմենիան միանում է Internet Society կազմակերպության` հունիսի 8-ին IPv6 արձանագրության Համաշխարհային օրվան մասնակցելու  և աջակցելու նախաձեռնությանը: Սկսած հունիսի 8-ից` ընկերության պաշտոնական կայքը` www.orangearmenia.am, հասանելի կլինի ինչպես IPv4, այնպես էլ IPv6 արձանագրությունների միջոցով (IP – ինտերնետ արձանագրություն):

IPv6 արձանագրության ներդրումն էական նշանակություն ունի ինտերնետի արդյունավետ զարգացման համար: Այսօր, երբ ինտերնետին միանալու համար նախատեսված յուրաքանչյուր սարքավորում (համակարգիչ, բջջային հեռախոս, պլանշետ և այլն) հիմնված է եզակի IP հասցեի վրա, ինտերնետ միացման համար անհրաժեշտ են ավելի շատ IP հասցեներ:

Ներկայումս օգտագործվող IPv4 արձանագրությունն օգտագործում է IP հասցեների 32-բիթանոց ձևաչափ կամ, այլ կերպ ասած, տրամադրում է 4.29 միլիարդ եզակի IP հասցեներ: 2011թ. փետրվարին IPv4 բոլոր հասցեները սպառվեցին: Այսպիսով, անհրաժեշտություն է առաջ եկել մշակել նոր IPv6 ինտերնետ արձանագրություն, որն օգտագործում է IP հասցեների 128-բիթանոց ձևաչափ և հնարավոր է դարձնում ստանալ ավելի շատ IP հասցեներ և ինտերնետին միացնել ավելի մեծ թվով սարքավորումներ:

Լինելով 3G+ ցանցի միջոցով շարժական ինտերնետի ծառայություններ մատուցող օպերատոր` Orange Արմենիան միանում է ՏՏ ոլորտի համար այս կարևոր իրադարձությանը և համաշխարհային հանրության հետ միասին իրականացնում նոր ինտերնետ արձանագրության փորձարկում:

Հաջորդ փուլի համար Orange-ը նախատեսում է իրականացնել իր ցանցի փորձարկում և վերազինում, որպեսզի հետագայում հնարավոր լինի ապահովել անարգել անցումը նոր IPv6 ինտերնետ արձանագրությանը:

Share