Բաժին. Բիզնես

ՍՏԵՂԾՎԵՑ ORANGE ՀԻՄՆԱԴՐԱՄ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Այսօր Orange-ը պաշտոնապես հայտարարեց Հայաստանում Orange Հիմնադրամի ստեղծման մասին: 1987 թվականին իր հիմնադրումից ի վեր` Orange Հիմնադրամը եղել է Orange Խմբի բարեգործական և մարդասիրական ծրագրերն իրականացնող հիմնական կառույցը: Համարելով հաղորդակցումը հասարակության զարգացման հիմնական խթաններից մեկը` Orange Հիմնադրամն աջակցում է այնպիսի ծրագրերի, որոնք հաղորդակցությունը դարձնում են առավել մատչելի բոլորի համար:

Orange Արմենիա Հիմնադրամի մեկնարկով, Հայաստանում Orange-ի կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերին և սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ներդրումներն ավելի ծավալուն կդառնան: Ներդրումները հիմնականում ուղղված կլինեն գյուղական համայնքների զարգացմանը, երեխաներին, ինչպես նաև առողջապահական, մասնավորապես հաշմանդամների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի աջակցմանը:

«Ես հպարտ եմ, որ Orange-ը նոր մոտեցում է բերում նաև կորպորատիվ բարեգործության ոլորտ` Հայաստանում խթանելով մեծ ընկերությունների կողմից կորպորատիվ հիմնադրամներ ստեղծելու մշակույթը, որը թույլ կտա այս ոլորտը նույնպես դարձնել համակարգված, հասարակության իրական կարիքներին արձագանքող և թափանցիկ: Ուրախ ենք հայտարարել Հայաստանում Orange Հիմնադրամի ստեղծման մասին, որով ևս մեկ անգամ հաստատում ենք մեր ցանկությունն ու պատրաստակամությունը կատարել ներդրումներ` ուղղված սոցիալական ծրագրերի աջակցմանն ու իրականացմանը: Այժմ Orange-ը Հայաստանում իր գործունեության մի նոր փուլ է թևակոխում, որը մեր ստանձնած պարտավորության խոսուն սկիզբն է, այն է` նայել ավելի հեռուն, քան պարզապես բիզնեսը», – ասաց Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Մեծ ուրախությամբ ողջունում ենք Հայաստանի` որպես 11-րդ երկրի մուտքը  Orange Հիմնադրամի մեծ ընտանիք: Orange Հիմնադրամը շարունակում է ընդլայնել իր սահմանները` դրանով իսկ օգնելով մարդկանց ավելի լավ ու հեշտ հաղորդակցվել, մասնավորապես նրանց, ովքեր հաշմանդամության, ոչ լիարժեք կրթության կամ մշակույթին հասանելիություն չունենալու պատճառով մեկուսացած են շրջապատող աշխարհից: Ուրախ եմ նաև հայտնել, որ Հայաստանում Orange Հիմնադրամի գործունեության մեկնարկին մայր հիմնադրամը հատկացրել է 100,000 եվրո` ի աջակցություն 2011թ. իրականացվելիք ծրագրերի», – ասաց Orange Հիմնադրամի` Եվրոպայում, Միջին Արևելքում և Ասիայում ներկայացուցիչ Մարի Լիզա Դյուրբանը:

«Orange Արմենիա Հիմնադրամն իր գործունեությունը կծավալի` ելնելով ինչպես երկրում առկա խնդիրներից, այնպես էլ համաձայն Orange Հիմնադրամի որդեգրած ռազմավարության: Հայսատանում Հիմնադրամն իր գործունեության ընթացքում հիմնական շեշտը կդնի երեխաների խնդիրների, ինչպես նաև գյուղական համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման վրա: Մեր աշխատանքի սկզբունքն է լինելու հիմնվել երկարաժամկետ գործընկերության վրա, ինչպես նաև` մշտապես ականջալուր լինել հասարակության կարիքներին», – հավելեց Հայաստանում Orange Արմենիա Հիմնադրամի գլխավոր քարտուղար Նազարեթ Սեֆերյանը:

Orange Հիմնադրամը համակարգում է Ֆրանս Տելեկոմ Խմբի կողմից իրականացվող բարեգործական գործունեությունն ամբողջ աշխարհում` սերտորեն համագործակցելով Խմբի շրջանակներում գործող բոլոր հիմնադրամների և Խմբի մաս կազմող ընկերությունների հետ: Ներկայումս Հիմնադրամն աջակցում է միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների կողմից նախաձեռնվող ծրագրերի իրականացմանը Եվրոպայի, Ասիայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի ավելի քան 30 երկրներում:

Ամբողջ աշխարհում Խմբի շրջանակներում գործող հիմնադրամների շարքում Orange Արմենիա Հիմնադրամը 11-րդն է: Նման հիմնադրամներ արդեն իսկ գործում են մի շարք երկրներում ինչպիսիք են` Ֆրանսիան, Իսպանիան, Սենեգալը, Մալին, Կոտ դ’Իվուարը, Կամերունը, Լեհաստանը, Սլովակիան, Մոլդովան և Դոմինիկյան Հանրապետությունը:

Share