Բաժին. Բիզնես

ORANGE-Ը ԵՐԿԱՐԱՑՐԵԼ Է ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Orange-ը լավ նորություններ ունի իր կանխավճարային ձայնային ծառայությության բաժանորդների համար: Ընկերությունը երկարեցրել է լիցքավորումների վավերականության ժամկետները` որոշների համար անգամ կրկնապատկելով այն: Այսպիսով, այսուհետ լիցքավորելով հաշիվը 500 դրամով, բաժանորդը նախկին 7 օրվա փոխարեն կկարողանա զանգեր կատարել 15 օրվա ընթացքում, 1000-ի դեպքում` 1 ամսվա, 1500-ի դեպքում` 2 ամսվա և այլն:

Ավելին, յուրաքանչյուր լիցքավորման վավերականության ժամկետի ավարտից հետո Orange-ի կանխավճարային ծառայության բաժանորդներն ունեն 6 ամիս`  զանգեր, կարճ և մուլտիմեդիա հաղորդագրություններ ընդունելու համար: Ընդ որում, այս ժամանակահատվածում բաժանորդի հաշվին եղած գումարն ամբողջությամբ կպահպանվի:

«Orange-ում բազմաթիվ առաջարկներ կապված են լիցքավորման հետ, ինչպես օրինակ շաբաթ և կիրակի օրերին անվճար զանգերը, ամեն շաբաթ 100 հեռախոս նվեր ստանալու հնարավորությունը և այլն: Ուստի կարծում ենք, որ այժմ լավագույն ժամանակն է բարելավելու լիցքավորման ժամկետները», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Orange-ը հիշեցնում է իր այն բաժանորդներին, ում հաշվի վավերականության ժամկետը նախկինում երկարացվել է մինչև հունիսի 6-ը, վերալիցքավորել հաշիվը մինչև այդ օրը` քարտն ակտիվ պահելու համար և վավերականության նորացված ժամկետներից օգտվելու համար:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:

Ընկերությունը Հայաստանում 2009թ. և 2010թ. կատարել է համապատասխանաբար 140 մլն եվրոյի և ավելի քան 50 մլն դոլարի ներդրումներ և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության 95% տոկոսը:

Share