Բաժին. Բիզնես

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐԴԵՆ 95%-Ը ORANGE-Ի ԾԱԾԿՈՒՅԹՈՒՄ Է

Orange-ը շարունակում է ընդլայնել ծածկույթը և ցանցի թողունակությունը` այսօր արդեն իր ձայնային և ինտերնետ ծառայությունները հասանելի դարձնելով Հայաստանի բնակչության 95%-ին:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Օրանժ-Արմենիա» ընկերությունից` ցանցի ընդլայնման վերջին աշխատանքների շնորհիվ Orange-ի ծառայությունները` ներառյալ շարժական ինտերնետը, արդեն հասանելի են բազմաթիվ փոքր բնակավայրերում, հատկապես Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում: Ցանցի ուժեղացման և ընդլայնման աշխատանքներ են կատարվել նաև Հայաստանի հյուսիսային և հարավային ավտոմայրուղիների վրա:

«Ինչպես խոստացել էինք, մենք այսօր արդեն ապահովում ենք շարժական կապի ծառայություններ Հայաստանի բնակչության 95%-ին: Ծածկույթի ընդլայնումն ու բարելավումը մեր ամենակարևոր նպատակներից ու ձեռքբերումներից է, որի նպատակն է ինչպես առավելագույն հարմարավետություն ապահովել մեր ներկա բաժանորդների համար, այնպես էլ նոր ընտրություն առաջարկել նոր հաճախորդների», – ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:

Ընկերությունը Հայաստանում 2009թ. և 2010թ. կատարել է համապատասխանաբար 140 մլն եվրոյի և ավելի քան 50 մլն դոլարի ներդրումներ և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում:

Share