Բաժին. Բիզնես

ORANGE-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՎԵԼԻ ՔԱՆ 4000 ԵՐԵԽԱՆԵՐ ՍՏԱՑԱՆ ՆՎԵՐՆԵՐ ՁՄԵՌ ՊԱՊԻՑ

Orange-ի աջակցությամբ արդեն երկրորդ տարին է, ինչ իրականացվում է «Բարի Ձմեռ Պապ» ծրագիրը, որի նպատակն է ամանորյա հրաշքն իրականության վերածել երեխաների համար:

Դեկտեմբերի 23-ից 27-ը Ջերմուկ, Վայք և Եղեգնաձոր քաղաքներում տեղադրված հատուկ փոստարկղերում այս քաղաքների և շրջակա գյուղերի երեխաները թողել են իրենց նամակները`ուղղված Ձմեռ Պապին: Ջերմուկ քաղաքում պատրաստված Ձմեռ պապի ճամբարում դեկտեմբերի 29-ից մեկնարկում են միջոցառումներ, որոնց ընթացքում կբաժանվեն նվերներ Վայոց Ձորի մարզի շուրջ 3700 երեխաների: Ձմեռ պապն անձամբ այցելելու է նաև Սյունիքի մարզի շուրջ 550 հաշմանդամ երեխաներին:

Նվերները ներառում են գրենական պիտույքներ, գրքեր, նկարչական նյութեր, քաղցրավենիք, սակայն նվերի փաթեթի պարունակությունը որոշվել է անհատապես` հաշվի առնելով նամակագիր երեխայի տարիքը, սեռը և իհարկե, հայտնած ցանկությունը:

«Ամանորը բոլորիս տոնն է, սակայն նախևառաջ երեխաներինն է: Անցյալ տարի այս ծրագիրը միայն Վայքի երեխաներին էր ընդգրկում, սակայն տեսնելով երեխաների ոգևորությունը ու ուրախությունը և ինքներս խանդավառվելով ծրագրի հաջողությամբ` այս տարի այն ընդլայնել ենք նաև դեպի Ջերմուկ և Եղեգնաձոր: Մենք ցանկանում ենք, որ երեխաները որքան հնարավոր է` երկար հավատան ամանորյա հրաշքին և առհասարակ, հավատան հրաշքներին: Այս երեխաները հավատով են գրել իրենց նամակները, և մենք երջանիկ ենք աջակցել, որ նրանց ցանկություններն իրականություն դառնան», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան այսօր Ջերմուկում կայացած միջոցառման մեկնարկի ժամանակ:

Ծրագիրը կազմակերպում է «Համաչափ զարգացում» Համայնքային Զարգացման հասարակական կազմակերպությունը: Ծրագրի իրականացման համար Orange-ը տրամադրել է ընդհանուր առմամբ 11,185,000 դրամ:

Share