Բաժին. Բիզնես

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿԸ ՆՇՈՒՄ Է ԻՐ 3-ԱՄՅԱԿԸ

ՊրոԿրեդիտ Բանկի անձնակազմը նշում է Հայաստանում բանկի գործունեության 3-րդ տարեդարձը: Իր բացման օրվանից՝ 2008թ.-ի փետրվարի 5-ից մինչ օրս Բանկին հաջողվել է կատարել իր հիմնական խոստումները և դառնալ փոքր ու միջին ձեռնարկությունները սպասարկող առաջատար բանկերից մեկը, ինչպես նաև մրցունակ ծառայությունների մշակման և ներկայացման միջոցով դառնալ իր մասնաճյուղերի հարևանությամբ ապրող ու աշխատող անհատների նախընտրելի բանկը: Չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքով ստեղծված բարդ շուկայական պայմաններին՝ Բանկին հաջողվել է գրանցել կայուն աճ և ձևավորել հատատուն հիմք իր հետագա զարգացման համար:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊրոԿրեդիտ Բանկի Մարկետինգի և հասարակայնության հետ կապերի բաժնից` երեք տարիների ընթացքում Բանկն իր ինը մասնաճյուղերի միջոցով թափանցիկ և մատչելի բանկային ծառայությունները հասանելի է դարձրել Երևան, Վանաձոր, Գյումրի և Արտաշատ քաղաքներում բնակվող ավելի քան 11,500 անհատների և իրավաբանական անձանց: Տարեվերջի դրությամբ Բանկը ձևավորել է շուրջ 51,6 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք վարկային պորտֆել և հաճախորդներից ներգրավել՝ ավելի քան 25 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք միջոցներ:

«ՊրոԿրեդիտ Բանկի գրանցած ձեռքբերումները մեր հաճախորդների վստահության և Բանկի բոլոր 250 աշխատակիցների ջանքերի արդյունքն են: Հարկ եմ համարում նաև նշել մեր բաժնետերերի՝ ՊրոԿրեդիտ Հոլդինգի, EBRD-ի ու KfW-ի աջակցությունը, Գերմանիայում և Մակեդոնիայում գտնվող միջին օղակի ղեկավարների վերապատրաստման ՊրոԿրեդիտ Ակադեմիաների ու Խմբի 21 երկրներում գտնվող բանկերի փորձի փոխանակման հնարավորությունների դերը, ինչն էականորեն նպաստել է Բանկի ձեռքբերումներին: Բանկը շարունակում է փնտրել նոր հնարավորություններ «Ձեր Բանկը Ձեր կողքին» կարգախոսը պատվով կրելու և շուկայում գրաված դիրքերն ամրապնդելու ու առաջ մղելու ուղղությամբ», – տարեդարձի կապակցությամբ ասել է Բանկի գործադիր տնօրեն Բերտոլտ Հերցֆելդը։

ՊրոԿրեդիտ Բանկը Հայաստանում բանկային և ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրող 100% արտերկրյա կապիտալով բանկ է, որի գործունեությունն ուղղված է փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև հասարակության լայն շրջաններում խնայողության մշակույթի խթանմանը:


Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը հանդիսանում է ՊրոԿրեդիտ խմբի անդամ, որը բաղկացած է Արևելյան Եվրոպայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում գործող 21 ֆինանսական կառույցներից, որոնց գործունեությունը ղեկավարվում և վերահսկվում է խմբի մայր ընկերության`Մայնի Ֆրանկֆուրտում (Գերմանիա) գտնվող «ՊրոԿրեդիտ Հոլդինգ» ԲԸ (ProCredit Holding AG) կողմից:
Share