Բաժին. Բիզնես

ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ

ՊրոԿրեդիտ Բանկը,  կարևորելով գյուղատնտեսության էական դերն ու նշանակությունը ՀՀ ողջ տնտեսության զարգացման համատեքստում,  միացել է պետության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի տրամադրման ծրագրին:  Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` վարկավորման ծրագրին մասնակցությունը նպատակ ունի առավել նպաստավոր պայմաններով ֆինանսավորելու գյուղատնտեսության համար առաջնահերթ համարվող ոլորտներում գործող գյուղացիական տնտեսություններին:   Վարկերի պայմաններն են. առավելագույն գումար՝ 3 մլն. ՀՀ դրամ, առավելագույն տարեկան տոկոսադրույք՝ 14%,  որից 4-6%-ը գյուղացիները հետ կստանան պետության կողմից,  ժամկետ՝ մինչև 2  տարի,  առանց միջնորդավճարների և վաղաժամկետ մարման տույժերի կիրառման՝ 6  ամիս արտոնյալ մարման գրաֆիկով:  Վարկերը Բանկը տրամադրում է Երևանում՝ Նոր Նորք և Մալաթիա,  իսկ մարզերում Արտաշատ,  Գյումրի և Վանաձոր քաղաքներում գտնվող   մասնաճյուղերի միջոցով:

ՊրոԿրեդիտ Բանկի գործադիր տնօրեն Բերտոլտ Հերցֆելդն այս առիթով նշել է.  «Հայաստանում ագրովարկավորմամբ ՊրոԿրեդիտ Բանկը զբաղվում է 2009թ.-ից:  Մենք հավատացած ենք,  որ պետության կողմից նախաձեռնած սուբսիդավորման այս ծրագիրը զգալիորեն նպաստելու է գյուղացիական տնտեսությունների շարունակական կայուն աճին,  ինչպես նաև օգնելու է արձանագրել նոր ու հեռանկարային ձեռքբերումներ  hանրապետության ողջ գյուղատնտեսական ոլորտի համար»։


ՊրոԿրեդիտ Բանկը Հայաստանում բանկային և ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրող 100% արտերկրյա կապիտալով բանկ է,  որի գործունեությունն ուղղված է փոքր և միջին բիզնեսի զարգացմանը,  ինչպես նաև հասարակության լայն շրջաններում խնայողության մշակույթի խթանմանը: Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը հանդիսանում է ՊրոԿրեդիտ խմբի անդամ,  որը  բաղկացած է Արևելյան Եվրոպայում,  Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում գործող 21 ֆինանսական կառույցներից, որոնց գործունեությունը ղեկավարվում և վերահսկվում է խմբի մայր ընկերության`Մայնի Ֆրանկֆուրտում  (Գերմանիա)  գտնվող  «ՊրոԿրեդիտ Հոլդինգ» ԲԸ (ProCredit Holding AG) կողմից:  Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկի հիմնադիրներ են հանդիսանում միջազգային հեղինակավոր կառույցներ.   «ՊրոԿրեդիտ Հոլդինգ» ԲԸ (ProCredit Holding AG) – 68.46% բաժնեմասով,  «Վերակառուցման եև զարգացման եվրոպական բանկ» (EBRD) – 16.67% բաժնեմասով,  «Զարգացման Բանկ» (KfW) – 14.87% բաժնեմասով։ 
Share