Բաժին. Բիզնես

ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ – ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 6,8%-ՈՎ

Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը 2011թ. հունվար-մայիս ամիսներին միջպետական հաղորդակցությունում տեղափոխել է 7,8 հազար ուղևոր, ինչը 6,8% գերազանցում է 2010թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Նշենք, որ վիճակագրական տվյալների համաձայն, միջպետական ուղևորափոխադրումների ծավալը 2011թ. հունվար-մայիսին 18,2% գերազանցել է այս ժամանակահատվածի համար նախատեսվող ցուցանիշը  (6,6 հազար ուղևոր): Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունից` միայն մայիսին միջպետական հաղորդակցությունում տեղափոխվել է 1371 ուղևոր:

Միևնույն ժամանակ, 2011թ. հունվար-մայիս ամիսներին մերձքաղաքային հաղորդակցությունում տեղափոխվել է 225 հազար ուղևոր, ինչը 29,8%-ով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ամենամեծ պահանջարկ ունեցող մերձքաղաքային  ուղղությունն է՝ Երևան-Գյումրի ուղղությունը՝ 74595 ուղևոր:

2011 թ. հունվար-մայիս ամիսներին ՀԿԵ-ի ծառայություններից, ընդհանուր առմամբ,  օգտվել է 232,8 հազար ուղևոր:

«ՀԿԵ»- հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներե ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ  հանձնվել է «ՀԿԵ» ՓԲԸ կոնցեսիոն կառավարման՝ համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին կնքված Կոնցեսիոն պայմանագրի. Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ 10 տարվա ապագա պրոլոնգացիայի իրավունքով:

Share