Բաժին. Բիզնես

ՍԹԱՐ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՌԵԲՐԵՆԴԻՆԳ

Մայիսի 5-ին կհայտարարվի ՍԹԱՐ առևտրային ցանցի զարգացման նոր շրջանի մասին, որը կապված է ընկերության կայանալիք ռեբրենդինգի և բաժնետիրոջ փոփոխության հետ: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՍԹԱՐ-ի մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ փետրվարին Viest Assets Ltd` գրանցված BVI-ում, որոշում էր կայացրել ՍԹԱՐ առևտրային ցանցի 100% բաժնետոմսերի գնման մասին: Ներկայումս կողմերն արդեն հասել են իրավաբանական ձևակերպումների վերջին փուլին:

Հատկանշական է, որ ՍԹԱՐ նոր բրենդի հայեցակարգի վրա ընկերության մարքեթինգի բաժնի հետ համատեղ աշխատել է նաև Dunlop Consultancy անգլիական խորհրդատվական ընկերության հիմնադիր և տնօրեն Ջոն Դանլոփը: Dunlop Consultancy ընկերությունը հանդիսանում է այնպիսի բրենդերի ստեղծողը, ինչպիսիք են Альфа Банк, Dewars’, Азбука Вкуса, Малина, Квадрат, 36.6, Bombay Sapphire, Банк Русский Старндарт բրենդերը և այլն:

Սպասվում է, որ մայիսի 5-ին  կներկայացվեն ռեբրենդինգի ներքո կանխատեսվող գործընթացները, արդեն իսկ իրականացված հիմնական միջոցառումները և Հայաստանում մթերային խոշորագույն ցանցի զարգացման պլանները և կանխատեսումները: Նշենք, որ նոր ֆիրմային ոճի զարգացման գործընթացը սկսվել է մոտ մեկ տարի առաջ` զարգացման նոր ռազմավարության հաստատումից հետո:

Մոտ օրերս, Կենտրոն ադմինիստրատիվ շրջանում գտնվող 3 ՍԹԱՐ սուպերմարկետ հանրությանը կներկայանան նոր տեսքով:

Ռեբրենդինգի գործընթացը կավարտվի մինչև 2012թ. կեսը:

 

Share