Բաժին. Բիզնես

ՍԹԱՐ-Ը ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ Է ՆՈՐ ԲՐԵՆԴՈՎ` ԽՈՍՏԱՆԱԼՈՎ ԼԻՆԵԼ ԱՌԱՎԵԼ ՄՈՏ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՎ ՆՈՐԱՐԱՐ

Այսօր` մայիսի 5-ին, ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցը հայտարարեց զարգացման նոր շրջանի մասին, ինչը կապված է առևտրային ցանցի բաժնետերերի փոփոխության և ռեբրենդիգի հետ: Ինչպես այսօր հրավիրված մամլո ասուլիսի իր բացման խոսքում նշեց ՍԹԱՐ-ի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը` ՍԹԱՐ-ն այսօր «ապրում է» երկու կարևոր իրադարձություն. նախ` ընկերությունը փոխում է իր բաժնետիրոջը և երկրորդ` ներկայանում է «վերաիմաստավորված» բրենդով: Միևնույն ժամանակ, Վահան Քերոբյանը վստահեցրեց, որ ՍԹԱՐ-ը շարունակելու է աշխատել իր որդեգրած և այսօր արդեն առավել արդիականացված ռազմավարությամբ: «Մենք շարունակելու ենք լինել նորարար,  շարունակելու ենք ներկայանալ նոր գաղափարներով և նորագույն տեխնոլոգիաներով», – ընդգծեց Վահան Քերոբյանը:

Նշենք, որ ՍԹԱՐ-ի նոր 100%-անոց բաժնետեր է դարձել բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված Viest Assets Ltd ընկերությունը` գնելով առևտրային ցանցի բաժնետոմսերը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկից (ՎԶԵԲ) և Հենրիկ Զախարյանից: Պայմանագրային ձևակերպումները գտնվում են վերջնական փուլում, և նախատեսվում է, որ արդեն մայիսի 15-ին գործարքը «կհանսի» իր վերջնակետին:

Հրավիրված ասուլիսին ներկա էր նաև ՍԹԱՐ առևտրային ցանցի նոր բաժնետեր ընկերության ներկայացուցիչ Հովսեփ Մանուկյանը: Վերջինս նշեց, որ ՍԹԱՐ-ի գնումը Viest Assets Ltd ընկերությունը գնահատում է որպես հաջողակ գործարք: Հովսեփ Մանուկյանը վստահեցրեց, որ ՍԹԱՐ-ի նոր բաժնետերը պատրաստ է անհրաժեշտ ներդրումներ իրականացնել և նպաստել ընկերության ռազմավարության արդյունավետ կատարմանը: 

Հատկանշական է, որ ասուլիսի բանախոսները հրաժարվեցին նշել ՍԹԱՐ-ի նոր բաժնետեր ընկերության սեփականատիրոջ անունը:

Ինչ վերաբերում է ընկերության ռեբրենդիգի գործընթացին, ապա այն իրականացվել է ՍԹԱՐ-ի մարքեթինգային բաժնի և անգլիական Dunlop Consultancy խորհրդատվական ընկերության հիմնադիր և տնօրեն Ջոն Դանլոփի համագործակցության արդյունքում: Ինչպես իր խոսքում նշեց Ջոն Դանլոփը` ՍԹԱՐ-ը մինչ այս որպես բրենդ գոյություն չի ունեցել` եղել է միայն անուն և լոգո: Այսօր արդեն, բրիտանական խորհրդատվական ընկերության հիմնադրի խոսքով, ՍԹԱՐ-ն ամբողջական բրենդ է` իր առաքելությամբ և տեսլականով:

«Նոր» ՍԹԱՐ-ի տեսլականն է. «Լինել արժեքավոր առաջարկ ներկայացնող մանրածախ առևտրով զբաղվող կազմակերպություն»:  Ընկերության առաքելությունն է` արժանանալ հաճախորդների գոհունակությանը:

ՍԹԱՐ-ի «աստղային բրենդի» հինգ տարրերը նշանակում են` «Մենք մոտ ենք», «Արժեքավոր առաջարկ», «Պատասխանատու ենք», «Մենք առաջատար ենք», «Որակ և թարմություն»:

Share