Բաժին. Կրիպտո

Ripple-ն աշխատում է ավելի քան 20 երկրների հետ՝ CBDC թվային արժույթ մշակելու ուղղությամբ

Ripple ընկերությունը՝ բլոկչեյն և կրիպտո լուծումների առաջատար մատակարարներից մեկը, բանակցությունների մեջ է ավելի քան 20 կենտրոնական բանկերի հետ՝ կենտրոնական բանկի թվային արժույթ (CBDC) մշակելու հարցով: Այս մասին ասել է Ripple-ի՝ APAC-ի (Ասիա-խաղաղօվկիանոսյան շրջան) և MENA-ի (Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա) գործադիր տնօրեն Բրուքս Էնթվիսթլը:

Քանի դեռ Չինաստանի ու ԱՄՆ-ի նման խոշոր երկրները կենտրոնացել են պետական, հանրային հատվածի միջոցով կենտրոնական բանկի թվային արժույթ (CBDC) մշակելու վրա, ավելի քիչ ռեսուրսներ ունեցող փոքր երկրները նախընտրում են օգտվել Ripple-ի նման ընկերությունների ծառայություններից՝ նախագծելու իրենց կարիքներին համապատասխան CBDC:

Էնթվիսթլը նշել է՝ կան բազմաթիվ կենտրոնական բանկեր, որոնք տարբեր կարիքներ ունեն:

«Այսպիսով, մենք երկխոսության մեջ ենք ոչ թե 10, 20,  այլ աշխարհի՝ շատ ավելի շատ կենտրոնական բանկերի հետ: Մենք հայտարարել ենք Բութանի, Պալաուի հետ նախագծերի մասին, այլ նախագծեր ևս սպասվում են»,-ասել է Էնթվիսթլը:

Նա  անգնահատելի է համարել կառավարությունների, կարգավորող մարմինների հետ անմիջականորեն համագործակցելու հնարավորությունը՝ նշելով, որ աշխարհի շատ հատվածներում կրիպտոյի և բլոկչեյնի վերաբերյալ քննարկումները ողջունվել են՝ ի տարբերություն ԱՄՆ-ի, որտեղ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը դատի է տվել Ripple-ին՝ չգրանցված արժեթղթերի վաճառքի համար:

Էնթվիսթլն ասել է, որ կարգավորող մարմինները ողջունում են այդ փոխգործակցությունը Սինգապուրում, Տոկիոյում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, և իրենք այդ երկխոսության մի մասն են:

«Մեր պարտքն է ապացուցել օգտակարությունը, այն,  թե ինչու են կրիպտոն, բլոկչեյնը կարևոր, և, թե դա ինչ կարող է անել երկրների, քաղաքացիների, բիզնեսի, գլոբալ մեծ խնդիրների համար»,-ընդգծել է նա:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share