Բաժին. Կրիպտո

Իրանի ԿԲ-ն ավարտում է CBDC-ի ստեղծման նախնական փուլը

Իրանի Կենտրոնական բանկի ստորաբաժանումներից մեկը՝ Դրամավարկային և բանկային հետազոտությունների ինստիտուտը (MBRI), հայտարարել է թվային ռիալի մշակման նախնական փուլի ավարտի մասին։

Կենտրոնական բանկի վճարային համակարգերի վերահսկողության գրասենյակի ղեկավար Ռեզա Մանի Յեկտան նշել է, որ կարգավորիչը նախատեսում է ընդլայնել CBDC փորձի մասշտաբները երկրի վճարային համակարգում, սակայն չի ցանկանում շտապել այն գործարկել։

«Նախնական փուլը բարեհաջող ավարտ արձանագրեց՝ ուղեկցվելով արժեքավոր ձեռքբերումներով։ Շուտով նախագիծը կգործարկվի այլ էկոհամակարգերում և կօգտագործվի մեծ թվով օգտատերերի կողմից»,- ասել է պաշտոնյան։

Ակնկալվում է, որ CBDC-ն կկարգավորվի ազգային արժույթի պես և կբաշխվի ֆիզիկական անձանց և բանկերին, հավելել է Մանի Յեկտան:

CBDC նախագծին մասնակցելու հայտ ներկայացրած իրանական 10 ֆինանսական հաստատություններից նախնական փուլին մասնակցել են Bank Melli-ը, Bank Mellat-ը և Bank Tejarat-ը:

Հիշեցնենք, որ հունվարի 16-ին Իրանը և Ռուսաստանի Դաշնությունը սկսեցին քննարկել ոսկու հիմքով սթեյբլքոյնի (կայուն կրիպտոարժույթ) ստեղծման հարցը:

Իսկ 2022թ. օգոստոսին իրանական լրատվամիջոցները հայտնել են կրիպտոարժույթով վճարված 10 մլն դոլար արժողությամբ առաջին ներմուծման մասին։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share