Բաժին. Կրիպտո

SWIFT-ը դրական արդյունքներից հետո անցնում է CBDC թեստավորման հաջորդ փուլին

Համաձայն մարտի 9-ի հայտարարության՝ բանկային հաղորդագրությունների պլատֆորմ SWIFT-ը հայտարարեց, որ դրական արդյունքներ է գրանցել տարբեր CBDC-ներ (կենտրոնական բանկի թվային արժույթներ) իրար կապելու փորձնական առաջին փուլում:

12-շաբաթյա թեստավորման ընթացքում SWIFT-ը մոդելավորել է գրեթե 5000 գործարք երկու տարբեր բլոկչեյն ցանցերի և իրական ֆիատ վճարային համակարգերի միջև: Աշխարհի ավելի քան 18 ֆինանսական հաստատություններ մասնակցել են հետազոտությանը, այդ թվում՝ Royal Bank of Canada-ն, Banque de France-ը, Société Générale-ը, BNP Paribas-ը, Monetary Authority of Singapore-ը, HSBC-ն, Deutsche Bundesbank-ը, NatWest-ը և այլն:

Ինչպես հայտնում է SWIFT-ը, փորձարկման արդյունքները ցույց տվեցին, որ SWIFT-ի փորձարարական փոխկապակցման լուծումը կարող է բավարարել կենտրոնական և առևտրային բանկերի կարիքները CBDC-ների փոխգործունակության համար՝ ապահովելով CBDC-ների հաջող օգտագործումը միջսահմանային վճարումներում:

Ավելին, SWIFT-ը նշել է, որ մասնակիցների միջև կա «համապատասխանության ուժեղ աստիճան»՝ հղում կատարելով նրան, թե ամենայն հավանականությամբ ինչպես են փոխգործակցելու CBDC-ներն ապագայում: Հետագայում SWIFT-ը նախատեսում է գործարկել իր CBDC փորձարկման երկրորդ փուլը և զարգացնել իր «CBDC փոխկապակցված լուծումը բետա տարբերակի՝ ուժեղացված ատոմականությամբ վճարումների համար»:

Առաջիկա մի քանի տարիների ընթացքում OMFIF թվային արժույթի ինստիտուտը ակնկալում է, որ կենտրոնական բանկերի 24%-ը կմշակի CBDC լուծում: Աշխարհի ավելի քան 110 կենտրոնական բանկեր ներկայումս ուսումնասիրում են CBDC-ների կիրառման դեպքերը: HSBC-ի ներքին և նոր զարգացող վճարումների համաշխարհային ղեկավար Լյուիս Սանը մեկնաբանել է. «Փոխգործունակությունը առանցքային է CBDC-ների ներուժի իրացման համար՝ իրական ժամանակում միջսահմանային վճարումներ իրականացնելու նպատակով: Մինչ CBDC-ների նկատմամբ հետաքրքրությունն աճում է, մասնատման վտանգը նույնպես մեծանում է, քանի որ փորձարկվում է տեխնոլոգիաների և ստանդարտների լայն շրջանակ»:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share