Կրիպտո

ՌԴ Կենտրոնական բանկը կրիպտոարժույթները չի դիտարկում որպես հաշվի միավոր Ռուսաստանի տարածքում

ՌԴ Կենտրոնական բանկը դեռևս չի դիտարկում Ռուսաստանում կրիպտոարժույթները որպես վճարման միջոց  և նման ակտիվներում ներդրումներ կատարելու ռիսկեր է տեսնում: Այս մասին ասել է կարգավորիչի փոխնախագահ Օլգա Պոլյակովան՝ ելույթ ունենալով «Կիբերանվտանգությունը ֆինանսներում» համաժողովում։

«Առաջին հերթին ես կցանկանայի ընդգծել Ռուսաստանի Բանկի միանշանակ դիրքորոշումը, որը մեկ անգամ չէ, որ արտահայտել ենք: Մենք կրիպտոարժույթները չենք դիտարկում որպես հաշվի միավոր Ռուսաստանի Դաշնության տարածքում», – ասել է նա ու նշել, որ կրիպտոարժույթներում ներդրումները կարող են զգալի ռիսկեր պարունակել:

Նախկինում Կենտրոնական բանկը նշում էր, որ օնլայն տիրույթում գործող ֆինանսական բուրգերի մի զգալի մասն այս կամ այն ​​կերպ կապված են տարբեր կրիպտոարժույթների հետ։ Նրանք կա՛մ միջոցներ են հավաքել կրիպտոարժույթներով, կա՛մ գովազդել են ներդրումներ կրիպտոարժութային ակտիվներում: Այդպիսի խարդախ նախագծերից գրեթե 1500-ը վճարումներ են ընդունել կրիպտոարժույթով:

Հիշեցնենք՝ Ռուսաստանում կրիպտոարժույթի կարգավորման վերաբերյալ օրինագծերի փաթեթը դեռ հաստատման գործընթացի մեջ է: 2023-ի սեպտեմբերին ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարեց, որ ֆինանսների նախարարությունը և Կենտրոնական բանկը շարունակում են կրիպտոարժույթների վերաբերյալ քննարկումները: Գերատեսչությունները դեռևս տարբեր դիրքորոշումներ ունեն։

Share