Բաժին. Տնտեսական

ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է «ՀԱՅԱԹ» ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Ջերմուկում արդեն սկսված են այն հյուրանոցի կառուցման հողային աշխատանքները, որը հետագայում պետք է դառնա միջազգային «Հայաթ» հյուրանոցային համալիրներից մեկը: Այն շուրջ 80 տեղանոց առողջարանային, մասնավորապես, ջրաբուժարան-հյուրանոց է լինելու: Այս մասին օգոստոսի 9-ին Ջերմուկում լրագրողներին տեղեկացրել է ՀՀ քաղաքաշինության փոխնախարար, հանրապետության գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:

Նրա տեղեկացմամբ` այս նախագիծը նույն ճարտարապետական լուծումներն է ունենալու, ինչպիսին Ջերմուկի կենտրոնի մյուս շենքերն ունեն` 3 հարկ, կենտրոնական մասում` 4 հարկ, ինչպես արված են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի որդու` Գեւորգ Թամանյանի նախագծով: Այս նախագծում, սակայն, որոշակի լուծումներ կան տեղի բնությանը համահունչ: Ծրագրի հաջորդ փուլում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ պետք է աշխատանքներ տարվեն միջազգային փորձագետների հետ համատեղ` ծրագիրն ամբողջական տեսքի բերելու, ներդրումներ ներգրավելու եւ այլնի ուղղությամբ: Առողջարանային SPA կենտրոնով հյուրանոցային համալիրի շինարարությունը կավարտվի 2011թ. օգոստոսին: Համալիրի ներդրումների ծավալը շուրջ 15 մլն դոլար է:

Օգոստոսի 8-ին Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին նվիրված ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» միջազգային մրցաշարի բացման առիթով Ջերմուկում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաեւ այս շենքի կառուցման ընթացքին, նրան են ներկայացվել աշխատանքների ընթացքը եւ կառուցապատմանը վերաբերող մի շարք հարցեր:

Ն. Սարգսյանը տեղեկացրեց նաեւ, որ Ջերմուկը հանրապետության 10 քաղաքների շարքում է, որոնք կառավարության կողմից ճանաչված են որպես քաղաքաշինական հատուկ ռեժիմի տարածքներ, ինչը նշանակում է, որ դրանցում ցանկացած գործառույթ իրականացվում է որոշակի սահմանափակումներով:

Share