Բաժին. Տնտեսական

ՋԵՐՄՈՒԿԸ ԿՈՒՆԵՆԱ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ ԵՎ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ

Ջերմուկում միջազգային օդանավակայանի անհրաժեշտություն չկա: Այստեղ կարիք կա փոքր օդանավակայանի եւ ուղղաթիռային հրապարակների, որոնք նախատեսված են կառուցել քաղաքից բավականին հեռու, որպեսզի Ջերմուկում աղմուկ չլինի: Թե երբ այդ աշխատանքները կսկսվեն, կախված է նախագծային աշխատանքների ընթացքից: Այժմ քննարկվում է Ջերմուկում փոքր օդանավակայանի եւ ուղղաթիռային հրապարակների կառուցման հարցը: Այս մասին օգոստոսի 9-ին Ջերմուկում լրագրողներին տեղեկացրել է ՀՀ քաղաքաշինության փոխնախարար, հանրապետության գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը` նշելով, որ նախատեսված է կառուցել հյուսիս-հարավ մայրուղին, ուստի հնարավոր է համարվում, որ  օդանավակայան կառուցվի Գորիսի շրջանում, որպեսզի այն կապի հանրապետության հյուսիսը հարավի հետ:

Ջերմուկի` ներկայում չգործող օդանավակայանի եւ դրան հարակից 120 հա տարածքում նախատեսվում է կառուցել նաեւ հանգստի եւ զվարճանքի, զբոսաշրջային, հյուրանոցային, վարչական, բնակելի, խառը կառուցապատման, մշակութային` ներառյալ շախմատի կենտրոնի եւ ձմեռային սպորտաձեւերի մարզադաշտերի գոտիներ: Այս նախագիծը մշակվում է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, որով ծրագրվում է Ջերմուկը դարձնել առողջարանային, ձմեռային եւ մշակութային զբոսաշրջության, շախմատի միջազգային մրցաշարերի կազմակերպման կենտրոն, նաեւ` համահայկական ու միջազգային մանկապատանեկան ու երիտասարդական ճամբարատեղի: Նախագծի մշակման աշխատանքները կավարտվեն այս տարվա սեպտեմբերին:

Share