Բաժին. Տնտեսական

ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԲՈՆՈՒՍՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ

Ձեռք բերված եւ խաղարկության ժամանակ չշահած ՀԴՄ կտրոնների դիմաց բոնուսների տրամադրման գործընթացում ի հայտ եկող օբյեկտիվ բարդությունները  հաղթահարելու համար եկամուտների կոմիտեն դիմել է ՀՀ  կառավարություն`  առանձին սպասարկման կենտրոններ ձեւավորելու առաջարկով: 

Սեպտեմբերի 3-ի դրությամբ բոնուսների տրամադրման գործընթացի շրջանակներում հարկային տարածքային տեսչությունների կողմից տրվել է շուրջ 790 մլն 191 հազար դրամի 45 հազար 113 միջնոդագիր: Քաղաքացիների մեծ հոսքը դեռեւս շարունակվում է: Առաջին 6 ամսվա կտրվածքով անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 40 մլրդ դրամից ավելի ֆիսկալ հասույթ: Դրա արդյունքում ակնկալվում են ավելի քան 3 մլրդ դրամի լրացուցիչ հարկային մուտքեր: Դա ՀԴՄ-ների կիրառման նկատմամբ հսկողության բարձրացմանն ուղղված միջոցառումների, այդ թվում նաեւ վիճակահանության անցկացման եւ բոնուսների տրամադրման շնորհիվ է:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն`  ընթացիկ տարվա ապրիլի մեկից յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում քաղաքացիների ձեռք բերած եւ վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների համար հաջորդ եռամսյակում  տրամադրվում է կատարած գնումների գումարի որոշակի տոկոս` բոնուս: Հուլիսի մեկից մինչեւ սեպտեմբերի 30-ը բոնուս է տրամադրվում ապրիլ, մայիս, հունիս ամիսների կտրոնների համար: Քաղաքացիներն իրենց ունեցած կտրոնները ներկայացնում են տարածքային հարկային տեսչություններ եւ ստանում համապատասխան միջնորդագիր` բանկից գումարը ստանալու համար:

Քաղաքացիները միջնորդագիր ստանալու նպատակով չշահած կտրոնները  տեսչություն են ներկայացնում անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով: ՀԴՄ կտրոնների բնօրինակները պետք է տրամադրված լինեն  նախորդ եռամսյակի ընթացքում, յուրաքանչյուր խմբաքանակում ներառված կտրոնների դիմային մասերում արտացոլված գործարքների գումարների հանրագումարը չպետք է պակաս լինի այդ խմբաքանակի համար սահմանված  նվազագույն չափից: Կտրոններ ներկայացնող քաղաքացին պետք է ստորագրի կտրոնների դարձերեսին, իսկ եթե ՀԴՄ կտրոնի դարձերեսին կա մեկից ավելի հատուկ համար, ապա խմբաքանակ կազմելիս այն համարվում է մեկ կտրոն:  Տեսչության համապատասխան աշխատակիցը կտրոնները հաշվարկելուց, դրանց արտաքին զննումն իրականացնելուց  հետո նույն պահին քաղաքացուն  յուրաքանչյուր խմբաքանակի համար տրամադրում է միջնորդագիր` իր կողմից ստորագրված եւ տեսչության կնիքով կնքված:

Share