Բաժին. Տնտեսական

Գ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ. ԳՅՈՒՂՄԹԵՐՔԻ ՄԹԵՐՈՒՄՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՆՈՐՄԱԼ ԵՎ ՍԱՀՈՒՆ ԿԵՐՊՈՎ

Հայաստանում տարեսկզբից գյուղմթերքի մթերումների եւ արտահանումների գործընթացը սկսվել է նորմալ եւ սահուն: Մինչեւ օրս  մթերվել է 18 հազար տ բանջարեղեն, շուրջ 5 հազար տ պտուղ, որի մեջ ծիրանի քանակը 3627 տ է, դեղձինը` 500 տ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման թվեր հրապարակեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը:

Նրա խոսքով` հանրապետությունում այսօր կան  16 հազար 700 հա խաղողի տնկարկներ, որոնց տարածքը տարեկան ավելանում է 1000 հա-ով: Ավելացող տարածքներում գերակշռում են տեխնիկական խաղողի տեսակները, որոնք հետագայում կմթերվեն  գինեհումքի արտադրության մեջ օգտագործվելու համար:

Հանրապետությունում խաղողի մթերումների բուռն գործընթացը կսկսվի սեպտեմբերի վերջին: Մթերումներ ներկայում իրականացնում են միայն Երեւանի եւ Պռոշյանի կոնյակի գործարանները: Նրանցից յուրաքանչյուրը  մինչեւ օրս գնել է  7 հազարական տոննա խաղող: Սեպտեմբերի վերջին մթերումներին կմասնակցեն գինեհումքի մշակման 30 կազմակերպություններ, որոնցից 16-ը Արարատի մարզում են: Ըստ նրա` խաղողի տնկարկներից այս տարի հավաքվելիք շուրջ  205-210 հազար տ բերքի  (2008-ին` 185 հազար տ) շուրջ 140 հազար տոննան (անցած տարվա չափ)  կմթերեն  ձեռնարկությունները, իսկ մնացածը  կարտահանվի ու կօգտագործվի բնակչության կողմից:

Գ. Ալավերդյանի տեղեկացմամբ, գինեհումքն անկորուստ, ժամանակին մթերելու համար նախարարությունը նախօրոք պայմանավորվածություն է  ձեռք բերել նաեւ «Արարարատ գինու, կոնյակի օղու», «ՄԱՊ», «Շահումյան» ընկերությունների տնօրինությունների հետ, որոնցից յուրաքանչյուրը խոստացել է ընդունել 15- 30 հազարական տոննա գինեհումք, 1կգ-ն` 110-130 դրամով: Նախարարությունն էլ իր հերթին այդ կազմակերպություններին աջակցելու է տարաների ձեռք բերման եւ մթերման դիմաց վճարվելիք գումարների հետ կապված  խնդիրների լուծման գործում: «Մթերումները կանցկացվեն ժամանակին, կարգուկանոնով եւ ոչ մի կիլոգրամ խաղող չի փչանա», – նշեց նախարարը:

Share