Բաժին. Տնտեսական

ՏԱՐԵՍԿԶԲԻ ՀԱՄԵՄԱՏ ԲԵՆԶԻՆԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 22.5%-ՈՎ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.5% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել հագուստի և գործվածքի 0.8%, դեղամիջոցների 0.8%, կոշկեղենի 1.0%, վառելիքի 2.9% (հեղուկ գազի 3.8% թանկացմամբ պայմանավորված) գնաճը:

2009թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կահույքի 0.1%, գորգեղենի 0.1%, գեղաhարդարման ապրանքների 0.1%, տեքստիլեղենի 0.2%, շինանյութերի 0.2%, կենցաղային էլեկտրաապրանքների 0.3%, ոսկերչական ապրանքների 0.3%, անձնապիտո ապրանքների 0.4% գնաճ: Դրան զուգընթաց, գրենական պիտույքների, լվացող միջոցների, այգեգործական, մշակույթի ապրանքների գները նվազել են 0.5-0.1%-ով, իսկ խոհանոցային սպասքի գների մակարդակը նախորդ ամսվա նկատմամբ մնացել է անփոփոխ:

2009թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 0.1% և 0.2% գնաճ: 2009թ. հոկտեմբերին 2008թ. հոկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 7.5% և 21.7%-ով, իսկ 2008թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 22.5% և 4.8% գնաճ:

Հանրապետության դիտարկված քաղաքներում 2009թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.1-1.3% գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վանաձորում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.4%-ով:

Share