Բաժին. Տնտեսական

2010-ԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԲԵՆԶԻՆԸ ԿԿՐՃԱՏՎԻ 50 ՏՈԿՈՍՈՎ.

2010-ին Հայաստանում պետական կառավարման ապարատի պահպանության ծախսերը կկազմեն ընդհանուր առմամբ 50 մլդ 222 մլն դրամ: Այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվող 2010թ. պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ այս մասին տեղեկացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Նրա խոսքով` մարզպետարանների պահպանության ծախսերի գերակշիռ մասը` շուրջ 70 տոկոսը, նախատեսված է ուղղել միայն աշխատավարձերին. դրանց մեջ էական փոփոխություններ չեն լինի, միայն որոշակիորեն կավելանան քաղծառայողների աշխատավարձերը: Փոխնախարարի տեղեկացմամբ` 2010-ի համար էականորեն կրճատվել են գործուղումային ծախսերը, գումարներ առանձնապես նախատեսված չեն նոր մեքենաների ձեռքբերման, սարքավորումների գնման եւ այլնի համար: 50 տոկոսով կրճատվել է նաեւ ծառայողական մեքենաների համար հատկացվող վառելիքի ծավալը` 1 մեքենայի հաշվով նախկին 10 լիտրի փոխարեն` 5 լիտր: Արդյունքում նախատեսված վառելիքի ընդհանուր ծավալը 1 մլն 200 հազարից կիջնի 600 հազարի: Հաշվարկային ծախսերը, որոնց մեջ մտնում են կոմունալ վճարումները, հաշվարկվել են ըստ գործող սակագների:

Համայնքներին հատկացվող ընդհանուր դոտացիաները, Պ. Սաֆարյանի տեղեկացմամբ, կկազմեն 32 մլրդ 488 մլն դրամ: Սա բացառիկ ոլորտներից է, որտեղ հատկացումներն այս տարվա համեմատ ավելացել են` մոտ 16.7 տոկոսով կամ 4 մլրդ 650 մլն դրամով: Փոխնախարարը հիշեցրեց, որ համայնքներին տրվող դոտացիաների ծավալը չի կարող պակաս լինել նախորդ 2-րդ բյուջետային տարվա բյուջեի 4 տոկոսից: Պ. Սաֆարյանը նշեց, որ այս առումով եկող տարվա առանձահատկություններից մեկն այն է լինելու, որ մինչեւ 300 բնակիչ ունեցող համայնքներին տրվող դոտացիաները նախկին 2 մլն դրամից հասցվել են 3.5 մլն դրամի: Այլ համայնքներում դոտացիաները հաշվարկվում են ըստ բնակիչների թվաքանակի եւ ամեն շնչի միջինում բաժին ընկնող գույքի եւ հողի հարկի:

Իսկ մեզ մնում է միայն հույս հայտնել, որ վառելիքի «սղության պատճառով» պետական պաշտոնյաները եկող տարի չեն բացակայի աշխատանքից:

Share