Բաժին. Տնտեսական

ԱՐԱՔՍ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱԱՀ ՎՃԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ ՄԻՆՉԵՎ 2012Թ.-Ի ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍԸ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում գործադիրը, հիմք ընդունելով «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքը եւ ղեկավարվելով իր ավելի վաղ ընդունած որոշմամբ, որոշել է կառավարության սահմանած կարգով ընտրված «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2009թ. հոկտեմբերի 12-ից մինչեւ 2010թ. օգոստոսի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչեւ 2012թ. հոկտեմբերի 12-ը, հավանություն տվել ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների եւ մոնիտորինգի համակարգի վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ միջեւ կնքվելիք պայմանագրի նախագծին։ Որոշումը ՓԲԸ-ին հնարավորություն կտա ներմուծել թռչնամսի եւ ձվի արտադրության ծավալների ընդլայնման եւ եգիպտացորենի վերամշակման ժամանակակից սարքավորումներ։ Ինչպես ընդլայնվող, այնպես էլ եգիպտացորենի մշակման նոր արտադրամասերում կստեղծվի 230 նոր աշխատատեղ` նպաստելով գյուղական համայնքներում գյուղացիների հիմնական խնդիրներից մեկի` գործազրկության հարցի լուծմանը եւ ապահովելով 70 հազար դրամ միջին աշխատավարձ։ Ծրագրով նախատեսվում է իրականացնել 1.04մլն եվրո ներդրում, որից սեփական միջոցներով արդեն իսկ ներդրվել է մոտ 360 հազար եվրո։ Ընկերությունը ծրագրում է ներդրման նպատակով սեփական միջոցներից հատկացնել գումարի 50 տոկոսը։ Ներդրվող գումարը հիմնականում ուղղվելու է նոր գերմանական արտադրության սարքավորումների ձեռքբերմանը։

Share