Բաժին. Տնտեսական

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՆՈՅԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ «ԹԵԺ ԳԾՈՎ» ՍՏԱՑՎԵԼ Է 210 ԲՈՂՈՔ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ կոմիտեի հարկային ծառայության «Թեժ գիծ»-ով, որը պաշտոնապես գործում է 2008թ. հոկտեմբերի 14-ից, 2009թ. նոյեմբեր ամսին ստացվել է 210 բողոք և առաջարկություն:

Բողոքների հիմնական մասը վերաբերել է պարգևավճարների տրամադրման նոր կարգին, պայմաններին, ժամկետներին, ՏՀՏ-ներում առաջացած հերթերին, նոյեմբերի վիճակահանության  շահող թվերին և շահումների տրամադրման կարգին, ինչպես նաև վիճակահանությանն առնչվող բազմաթիվ այլ հարցերի:

Առաջարկությունները հիմնականում վերաբերել են պարգևավճարների տրամադրման նոր կարգին և պայմաններին: Բողոքների մի մասն էլ առնչվել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման փաստերին:  Հարցերի մի ստվար խումբ էլ վերաբերել է հարկային օրենսդրությանը: Մասնագիտական պարզաբանումներ ստանալու համար քաղաքացիներին տրամադրվել են ՏՀՏ-ների համապատասխան բաժինների հեռախոսահամարները:

Share