Բաժին. Տնտեսական

ՄԻՆՉԵՎ ՏԱՐՎԱ ՎԵՐՋ «ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

«Զվարթնոց» օդանավակայանում  մինչեւ տարեվերջ կմեկնարկի ազատ տնտեսական գոտու ստեղծման պիլոտային ծրագիրը, որի նպատակն է ավելացնել գյուղմթերքների արտահանման ծավալները` աճը հասցնելով տարեկան 20%-ի: Սա նաեւ հնարավորություն կլինի նոր տեխնոլոգիաների ներդրման, միջազգային շուկայում հայկական գուղմթերքների բրենդի ձեւավորման առումով: ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ այժմ ծրագիրը նախապատրաստկան փուլում է:

Անցած տարի Հայաստան հրավիրված «Ֆլորա Հոլանդ» ծաղկի ամենամեծ առեւտրով զբաղվող լոգիստիկ կենտրոնի փորձագետի հետ արդեն մշակվել է ազատ տնտեսական գոտու լոգիստիկ կենտրոնի բիզնես մոդելը: Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը` «Զվարթնոց» օդանավակայնի կառավարիչը, ներկայումս փորձագետի եւ Հայաստանի զարգացման գործակալության աջակցությամբ մշակում է ազատ տնտեսական գոտու լոգիստիկ կենտրոնի բիզնես ծրագիրը:

Հ. Միրզոյանի տեղեկացմամբ, ծրագրով նախատեսվում է հանրապետության գյուղական շրջաններում ստեղծել մթերքի հավաքման պիլոտային կետեր, որպեսզի գյուղացիներն իրենց արտադրանքն արագ պահեստավորեն, ապա վաճառեն արտահանողներին: Օդանավակայանի տարածքում կլինեն պահեստավորման ու փաթեթավորման կետեր: Գյուղմթերքների հավաքման 3 կետ արդեն ստեղծվել է: Այժմ ընթանում են ծրագրի համակարգման խորհրդի ստեղծման աշխատանքները:

«Գիտենք, որ մենք ունենք բավական որկյալ գյուղարտադրանք, սակայն ունենք նաեւ արտահանման մեծ խնդիրներ, ինչպես նաեւ գյուղացիական տնտեսություններում ենթակառուցվածքների պակաս»,- ընդգծեց Հ.Միրզոյանը:

Էկոնոմիկայի նախարարության վարչության պետը նշեց, որ ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալող բոլոր տնտեսվարողներն ազատված են շահութահարկից, մաքսային տուրքերից, ինչպես նաեւ ավելացված արժեքի հարկից: Ներկայումս աշխատանքներ են տարվում ազատ տնտեսական գոտիների մասին օրենքի մշակման ուղղությամբ:
2009թ-ի վիճակագրական տվյալներով, Հայաստանից արտահանվել է 19 մլն դոլարի գյուղմթերք: «Գյուղացին ինքն է որոշում` իր արտադրանքը ում վաճառի: Բոլորն էլ կարող են գյուղացուց գնել արտադրանքը եւ արտահանել: Դա չի նշանակում, որ մեր գյուղմթերքը արտահանվելու է միայն օդանավակայանի միջոցով: Ունենք նաեւ տարբեր ուղիներ»,- ավելացրեց նա:

Share