Տնտեսական

Տեխնոլոգիական ոլորտի գաղափարները կստանան աջակցութուն

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման 3 ծրագրով ֆինանսական աջակցություն կտրամադրվի տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը, ներկայացնելով ծրագրերի մանրամասները, նշեց, որ յուրաքանչյուր ծրագրով աջակցության չափը տարբեր է: Մասնավորապես, աջակցության առաջին ծրագրով նախատեսված է տրամադրել մինչև 10 մլն դրամի չափով դրամաշնորհ: Այս ծրագրով նախատեսված դրամաշնորհից օգտվելու համար կարող են դիմել մինչև երկու տարի գործունեություն ծավալողավելի երիտասարդ ընկերությունները: Ընկերությունները կարող են դիմել՝ ունենանալով նոր պրոդուկտներ ստեղծելու ծրագրեր: Գաղափարները, առաջարկները պետք է միտված լինեն նոր մարտահրավերների չեզոքացմանը:

«Այն ընկերությունները, որոնք ցանկանում են նոր պրոդուկտներ ստեղծել, հնարավորություն ունեն դիմելու, ստացված հայտերից հանձնաժողովները կկատարեն իրենց ընտրությունը: Ուղղությունների սահմանափակում որպես այդպիսին չունենք: Եթե ընկերությունները գործում են տոխնոլոգիական ոլորտում, ունեն նոր պրոդուկտներ ստեղծելու ծրագրեր, ապա կարող են դիմել»,- ասաց Ստեփան Ծատուրյանը:

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման հաջորդ ծրագիրը նախատեսված է ոլորտում երկու և ավելի տարի գործունեություն ծավալող ընկերությունների համար: Այս ընկերությունները պետք է առաջարկեն իրենց պրոդուկտների նախագծերը, լավագույն հայտերը կարժանանան մինչև 20 մլն դրամի չափով դրամաշնորհի:

«Կարծում եմ, որ 20 մլն դրամը խոշոր ներդրում է, դա կարող է լինել լավ հնարավորություն ընկերությունների համար՝ ստեղծելու մարտահրավերներին համահունչ նոր ծրագրեր: Այստեղ կարևոր է, որ ընկերությունները դիտարկեն իրենց կարողությունները, որ արտադրանքը նաև արտաքին շուկա դուրս բերեն»,- ասաց նախարարի տեղակալը:

Միջոցառման երրորդ ծրագրով նախատեսված է աջակցություն մինչև 30 մլն դրամի չափով: Այս ծրագիրն ավելի շատ համաֆինանսավորման բնույթ ունի: Մասնավորապես, այն ընկերությունները, որոնք մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կկարողանան ներդրումներ ներգրավել, կարող են դիմել, և պետությունը կտրամադրի մինչև 30 մլն դրամի չափով աջակցություն:

Մրցույթները հայտարարվել են հունիսի 1-ին: Առաջին եև երկրորդ ծրագրերի հետ կապված ընկերությունները 30­օրյա ժամկետում կարող են դիմել: Երրորդ ծրագիրը կգործի մինչև դեկտեմբերի 1-ը, սակայն այստեղ կիրառվում է առավել ճկուն մոտեցում: Եթե դիմողներ լինեն, ապա անհրաժեշտություն չի լինի սպասել մինչև դեկտեմբերի 1-ը, հայտերը կդիտարկվեն որոշակի ժամանակահատվածը մեկ: Նպատակն այն է, որ առավել օպերատիվ կերպով արձագանքեն ընկերություններին:

Նախարարի տեղակալը նշեց, որ արդեն ոլորտից կա բավական ակտիվ արձագանք, ընկերությունները մանրամասն հետաքրքրվում են պայմաններով: Ստեփան Ծատուրյանը ոլորտի ընկերություններին հորդորեց ակտիվ լինել և դիմել՝ ստանալով իրենց գաղափարներն ու ծրագրերն իրականացնելու հնարավորություն:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share