Բաժին. Տնտեսական

Գոլդեն Փելեսի աճուրդից Ծաղկաձորին հատկացվելիք միջոցները կուղղվեն մաքրիչ կայանի կառուցմանը

Ծաղկաձորի «Գոլդեն Փելես»-ի նախատեսվող աճուրդից համայնքից հատկացվելիք գումարը կուղղվի քաղաքային մաքիչ կայանի և ներքին կոյուղատար ցանցի կառուցմանը: : «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Մարզպետը նշեց՝  հյուրանոցի աճուրդի հետ կապված գաղտնիք է ուզում բացել: «Նման պետական գույքի աճուրդների արդյունքում գոյացած միջոցների 1/3-ը օրենսդրությամբ հատկացվում է համայնքին, 2/3-ը փոխանցվում է պետբյուջե: Եվ այդ գործընթացի վերջնարդյունքում հատկացվելիք գումարի 1/3-ը, որն իմ հաշվարկներով մոտ 5-6 մլն դոլար է կազմելու, ամբողջովին ուղղվելու է Ծաղկաձոր համայնքի քաղաքային մաքիչ կայանի և ներքին կոյուղատար ցանցի կառուցմանը»,-ասաց Պետրոսյանն ու նշեց, որ համայնքի հետ արդեն կա պայմանավորվածություն:

Ծաղկաձորում ներկայում շուրջ 52 գործող հյուրանոցներ կան: Դրանցից սեպտիկ հորերով կահավորված են ընդամենը 2 տասնյակը, մնացածը կամ միացած են քաղաքի ընդհանուր կոյուղատարին, որը դարձյալ մաքրիչ կայանի բացակայության պատճառով երկար ճանապարհ անցնելուց դարձյալ լցվում է գետը, կամ էլ լոկալ հորերի միջոցով են խնդիրը լուծում:

2019 թ. սեպտեմբերի 26-ին կառավարությունը հաստատել էր «Գոլդեն Փելես» հյուրանոց» ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց, 34/1 հասցեում գտնվող  19 758 քմ մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված  հողամասը, ինչպես նաև շենք շինությունների ներսում առկա շարժական գույքը  որպես նվիրատվություն  ընդունելու մասին որոշումը: Առաջին աճուրդը նախատեսվել էր 2019-ի դեկտեմբերին, սակայն այն չէր կայացել, քանի որ գնման համար հայտ չէր ներկայացվել: Դրանից հետո 2020-ի փետրվարին կրկին աճուրդ էր նախատեսվել, սակայն կրկին չէր կայացել՝ ոչ մի հայտ չլինելու պատճառով:

Աննա Գրիգորյան

Share