Բաժին. Տնտեսական

Արթուր Հակոբյան. Նկատվում են մտահոգիչ միտումներ՝ միկրոձեռնարկատիրության հատվածում

ՊԵԿ-ի վերջին տվյալներով Հայաստանում առկա է 35 հազար միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը՝ հավելելով, որ ի հայտ են գալիս որոշակի մտահոգություններ:

«Բավական չարաշահումներ են լինում: Շեմը չգերազանցելու համար բիզնեսը տրոհելու, բիզնեսը փակելու և այլ բիզնեսներ բացելու գործընթացին ենք ականատես լինում: Այդ ուղղությամբ ՊԵԿ-ի ստորաբաժանումներն ակտիվորեն աշխատում են: Ասեմ, որ ընդհանուր առմամբ բիզնեսը տրոհելու հետ կապված որևէ արգելք ու սահմանափակում չկա, սակայն եթե տեսնում ենք, որ դա արվում հարկային չարաշահումների համար, ապա համապատասխան գնահատական ենք տալիս»,-ասաց Արթուր Հակոբյանը:

2020թ-ից Հայաստանում ներդրվեց միկրոձեռնարկատիրության համակարգը: Ըստ դրա՝ 2020 թվականի հունվարի 1-ից ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնց նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 24 մլն դրամը, կարող են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, որը հիմնականում ազատվում է հարկերից:

2019 թվականին Հայաստանում  ևս առկա էր համանման նման համակարգ՝ «ընտանեկան ձեռնարկատիրություն», որի շեմը 18 մլն դրամ էր, այսօր միկրոձեռնարկատիրության շեմը 24 մլն դրամ է: Արդյո՞ք 6 մլն դրամով շեմի ավելացումը կարող էր այդպիսի զգալի ազդեցություն ունենալ: Հարցին ի պատասխան, Արթուր Հակոբյնաը նշեց, որ նախ շեմի բարձրացմամբ ավելի շատ հարկ վճարողներ կօգտվեն համակարգից: Դրանից բացի, համակարգերում կան տարբերություններ: Մասնավորապես, ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվում էր այն, որ բիզնես պետք է իրականացվեր միայն ընտանիքի անդամների միջոցով: Նոր համակարգում նման պահանջը հանված է: Արթուր Հակոբյանը տեղեկացրեց, որ 2019 թվականին ունեցել են 8 հազարից մի փոքր ավելի ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ:

Share