Բաժին. Տնտեսական

Արգելվում է Սևանա լճում բոլոր ձկնատեսակների արդյունագործական որսը՝ բացի սիգից

Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը կանոնակարգելու նպատակով։ Ներկայում տեղի ունեցող ապօրինի ձկնորսության ծավալներն ու դրա շուրջ ծավալված իրավիճակի վերլուծության և արդյունագործական ձկնորսության կազմակերպման գործող կարգի անկատարության արդյունքում առաջ են եկել մի շարք հարցեր, որոնք ինչպես գործնական, այնպես էլ իրավական հարթությունում պարզաբանման և լուծման կարիք ունեն։ Հնարավոր բացասական ազդեցություններից խուսափելու և հետագայում գործընթացներն առավել արդյունավետ ու հիմնավոր իրականացնելու համար Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է իրականացնել սիգ ձկնատեսակի փորձարարական որս: Իրականացվող գործընթացները միտված են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործմանը և օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգմանը։ Որսի ընդհանուր պահանջներից են՝ ձկան քաշը պետք է լինի 500 գրամից ոչ պակաս, սիգի արդյունագործական որսը պետք է իրականացվի դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի): Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել մարտի 15-ից մինչև հոկտեմբերի 1-ը՝ հաշվի առնելով իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածը՝ ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով։

Վարչապետը, անդրադառնալով որոշմանը նշել է, որ այն կայացվել է նաև Սևանա լճում ձկնորսություն իրականացնող քաղաքացիների, հանրության հետ քննարկումների արդյունքում: «Երբ ձվադրման շրջանում մենք որսն արգելելու միջոցներ ենք ձեռնարկում, այնտեղ առաջանում է դիմադրություն: Ի վերջո, եթե սիգը Սևանում կա՝ իրենք են որսալու, եթե չկա՝ իրենք են զրկվում եկամտի աղբյուրից: Հետևաբար կառավարության գործողություններն այն ժամանակ էլ, ոչ թե ընդդեմ ձուկ որսացողների էին, այլ նախ՝ շրջակա միջավայրի պաշտպանության: Երկրորդ՝ ի վերջո ձկան պաշարն իրենք են տնօրինելու, իրենք են աշխատելու, իրենք են որսալու: Արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ միասին սա կանոնակարգենք: Այսինքն՝ կառավարությունը կանոնակարգի և իրենք էլ այդ կանոններով աշխատեն: Հիմա հույս ունենք, որ այս գործընթացն իսկապես կօգնի, որ համաձայնություն ձեռք բերվի և ընդմիշտ այդ թեման փակենք, որպեսզի նաև Սևանում ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցներն իրենք դառնան սիգի պաշարի պաշտպանության առաջամարտիկ, որովհետև դա առաջին հերթին պետք է իրենց»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ընդունած որոշման համաձայն․

1․ Արգելվում է Սևանա լճում բոլոր ձկնատեսակների արդյունագործական որսը՝ բացի սիգից։

2․ Սիգ ձկնատեսակի որսն իրականացվում է Մեծ Սևանի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա։

Ձկնորսության համար թույլատրելի քաշ է սահմանվում ոչ պակաս, քան 500 գրամը։

3․ Հաշվի առնելով ձկների ձվադրման շրջանը՝ որսն արգելվում է իրականացնել 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թ․ մարտի 1-ը։

4․ Ձկների արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով
(ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի):

5․ Սևանա լճում ձկների արդյունագործական որսն իրականացվում է օրվա լուսային ժամերին։

Share