Բաժին. Տնտեսական

Քննարկվում է գազի սակագների վերանայման հարցը

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվում են սպառողներին վաճառվող բնական գազի և գազամատակարարման համակարգի ծառայությունների մատուցման սակագների վերանայման հարցերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 19-ի նիստում կքննարկվեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի բաշխման սակագների և «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից բնական գազի փոխադրման սակագնի սահմանման վերաբերյալ հարցերը։

«Գազպրոմ Արմենիա»-ն սակագների վերանայման հայտ էր ներկայացրել ապրիլի 1-ին:Եթե «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր հայտով առաջարկել էր բոլոր սպառողների համար կիրառել միասնական մեկ սակագին՝ առանց խմբերի միջև տարբերակման, ապա հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է պահպանել գործող հիմնական սպառողական խմբերը՝ այդ թվում հաշվի առնելով կառավարության համապատասխան որոշումներով ներկայացված առաջարկությունները, շարունակել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին, վերամշակող կազմակերպություններին և սոցիալապես անապահով ընտանիքներին որպես առանձին սպառողական խմբեր դիտարկելը՝ հնարավոր նվազ սակագների սահմանմամբ: Արդյունքում հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է բնակչությանը, բացառությամբ սոցիալապես անապահով սպառողների, տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման համար վաճառվող բնական գազի սակագինը թողնել անփոփոխ՝ 139 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար: Իսկ սոցիալապես անապահով սպառողներին վաճառվող տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման համար սակագինն առաջարկվում է նույնպես թողնել անփոփոխ՝ 100 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար:

Սա այն դեպքում, երբ «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել էր վաճառվող բնական գազի հազար խորանարդ մետրի գործող սակագինը թե բնակչության համար, և թե սոցիալապես անապահով ընտանիքների համար դարձնել 135 հազար 909.6 դրամ։

Հանձնաժողովն առաջարկում է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ժամանակահատվածի համար և վերամշակող ՝ այսինքն պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող անձանց վաճառվող բնական գազի սակագինը 1000 խմ-ի համար սահմանել 224 դոլարին համարժեք դրամ: Իսկ մնացած սպառողներին, այդ թվում ջերմային էլեկտրակայաններին վաճառվող բնական գազի համար ամսական մինչև 10 հազար խմ-ի շրջանակում սպառվող բնական գազի համար սահմանել 139 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար: Իսկ ամսական 10 հազար խմ-ն գերազանցող գազի համար սահմանել յուրաքանչյուր հազար խմ-ի համար՝  255.92 դոլարին համարժեք դրամ սակագին:

Աննա Գրիգորյան

Share