Բաժին. Տնտեսական

ՀԾԿՀ. Բնակչության համար գազի սակագինը չի փոխվի

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդունեց որոշման նախագիծը, որով սահմանվում են գազի նոր սակագներ, սակայն բնակչությանը, այդ թվում սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի սակագինը մնում է անփոփոխ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումը միաձայն ընդունվեց հանձնաժողովի հունիսի 19-ի նիստում:

«Գազպրոմ Արմենիա»-ն ապրիլի 1-ին ՀԾԿՀ-ին էր ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ, որով մասնավորապես առաջակվում էր սպառողներին վաճառվող գազի միջին կշռութային սակագինը  բարձրացել՝ 255 դոլարից դարձնելով 283 դոլար: ՀԾԿՀ-ն առաջարկել էր 266.71 դոլար տարբերակը:

Եթե «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր հայտով առաջարկել էր բոլոր սպառողների համար կիրառել միասնական մեկ սակագին՝ առանց խմբերի միջև տարբերակման, ապա հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է պահպանել գործող հիմնական սպառողական խմբերը՝ այդ թվում հաշվի առնելով կառավարության համապատասխան որոշումներով ներկայացված առաջարկությունները, շարունակել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին, վերամշակող կազմակերպություններին և սոցիալապես անապահով ընտանիքներին որպես առանձին սպառողական խմբեր դիտարկելը՝ հնարավոր նվազ սակագների սահմանմամբ: Արդյունքում հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է բնակչությանը, բացառությամբ սոցիալապես անապահով սպառողների, տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման համար վաճառվող բնական գազի սակագինը թողնել անփոփոխ՝ 139 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար: Իսկ սոցիալապես անապահով սպառողներին վաճառվող տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման համար սակագինն առաջարկվում է նույնպես թողնել անփոփոխ՝ 100 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար:

Հանձնաժողովն առաջարկել է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ժամանակահատվածի համար և վերամշակող ՝ այսինքն պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող անձանց վաճառվող բնական գազի սակագինը 1000 խմ-ի համար սահմանել 224 դոլարին համարժեք դրամ: Իսկ մնացած սպառողներին, այդ թվում ջերմային էլեկտրակայաններին վաճառվող բնական գազի համար ամսական մինչև 10 հազար խմ-ի շրջանակում սպառվող բնական գազի համար սահմանել 139 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար: Իսկ ամսական 10 հազար խմ-ն գերազանցող գազի համար սահմանել յուրաքանչյուր հազար խմ-ի համար՝  255.92 դոլարին համարժեք դրամ սակագին:

Առաջարկվում է նախագիծն ուժի մեջ դնել 2020-ի հուլիսի 19-ից՝ բացառությամբ ջերմային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց վաճառվող բնական գազի սակագների, որոնք ուժի մեջ կմտնեն 2020 թվականի օգոստոսի 1-ից:

«Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենը, սակայն, իր անհամաձայնությունն էր հայտնել ՀԿԾՀ-ի հաշվարկների վերաբերյալ՝ նշելով, որ գազի միջին սակագինը 1000 խմ-ի համար պետք է սահմանվի ոչ պակաս, քան 275 դոլար:

Share