Բաժին. Տնտեսական

Մեկնարկում է ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի մասնակիցների մրցույթը

Ծրագրի նպատակն է կանաչ, արտաքին միջավայրին հնարավորինս անվնաս գյուղատնտեսության և կայուն, նորարարական ու շուկային միտված ագրոբիզնեսի խթանման միջոցով, Հայաստանում ապահովել կանաչ գյուղատնտեսական մշակույթ։

Ծրագիրը կնպաստի ՀՀ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում հատիկընդեղենի, խոտաբույսերի և ոչխարաբուծության արժեշղթաների զարգացմանը և հնարավորություն կընձեռնի բարձրացնել նշված արժեշղթաներում մրցութային կարգով ընտրված ագրոբիզնեսների մրցունակությունը՝ ագրոներդրումների, սարքավորումների, ենթակառուցվածքների և ծառայությունների հասանելիության ընդլայնման միջոցով:

Ի՞նչ աջակցություն է տրամադրում ծրագիրը

Վերը նշված արժեշղթաներում ընտրված լավագույն առաջարկների համար Ծրագիրն աջակցություն կտրամադրի հետևյալ ուղղություններով.

*առաջնային գյուղատնտեսություն (գյուղատնտեսական մթերքների արտադրություն);
*հետբերքահավաքային գործունեություն (զտում, տեսակավորում, պահեստավորում, սառը պահպանում, վերամշակում և այլ);
*մարքեթինգ (փաթեթավորում, պիտակավորում, շուկայավարում ՝ ներքին սպառմանը և արտահանմանը միտված և այլ):

Ծրագրի շրջանակներում ագրոբիզնեսները կստանան աջակցություն ագրոներդրումների, սարքավորումների, ենթակառուցվածքների և ծառայությունների տրամադրման միջոցով, որոնք ուղղված կլինեն ագրոբիզնեսների հզորացմանը, բիզնես կարողությունների զարգացմանը, կանաչ և նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրության բազմազանեցմանը և ծավալների ավելացմանը, շուկայավարմանը, և այլն:

Ով կարող է դիմել

Ծրագրին կարող են դիմել ՀՀ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում գրանցված, հատիկընդեղենի, խոտաբույսերի և ոչխարաբուծության ոլորտի ագրոբիզնեսներ՝ ֆերմերներ, վերամշակողներ, սառնարանային պահպանման և փաթեթավորման ծառայություններ մատուցողներ, մատակարարներ, վերավաճառողներ, արտահանողներ և այլն:

Առավելություն կտրվի կանանց կողմից ղեկավարվող, ինչպես նաև երիտասարդների և այլ խոցելի խմբերի ագրոբիզնեսներին։

Ինչպե՞ս դիմել

Հայտադիմումը կարող եք ձեռք բերել մարզպետարանից, համայնքապետարանից, գյուղի վարչական ղեկավարից կամ ներբեռնել այստեղ՝ Facebook EU-GAIA-UNDP կամ GAIA Armenia: Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 10-ը: Հայտատուների ընտրությունը կկատարվի սահմանված չափորոշիչների համաձայն: Ծրագիրը կապ կհաստատի միայն կարճ ցուցակում ընդգրկված հայտատուների հետ:

Լրացված հայտադիմումները, համառոտ բիզնեսի զարգացման պլանի հետ՝ (ֆերմերների դեպքում ՝ գյուղացիական տնտեսության կառավարման պլանի հետ միասին), փոստով, առձեռն, էլեկտրոնային փոստով և այլ միջոցներով խնդրում ենք ուղարկել հետևյալ հասցեներով՝ Երևան, Պետրոս Ադամյան 14, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, կամ karen.harutyunyan@undp.org, seda.kalantaryan@undp.org էլեկտրոնային հասցեներով: Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 53 00 00 (226 , 118, 229 ներքին համարներով):

Share