Տնտեսական

Երևանի ավագանին սահմանել է շրջիկ առևտրի իրականացման պայմանները

Երևան քաղաքի ավագանին հունիսի 24-ին ընթացող 4-րդ նստաշրջանի 5-րդ նիստի ժամանակ սահմանեց մայրաքաղաքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը նշեց, որ շրջիկ առևտրի գործունեությունը կանոնակարգելու նպատակով 2020 թվականի հունվարի 24-ին ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունվել է առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու, Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու, Տեղական տուրքերի և վճարումների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու և վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքներ:

Դրանք ուժի մեջ են մտել 2020 թվականի փետրվարի 29-ից:

«Առևտրի և ծառայությունների մասին օրենքով սահմանվել է «Շրջիկ առևտրի կետեր» հասկացությունը՝ ապրանքների պահպանման և մանրածախ առևտրի, ինչպես նաև ծառայությունների մատուցման համար համապատասխան սարքավորումներով ապահովված ավտոմոբիլներ կամ դրանց կցորդներ: Տվյալ նախագիծը ՀՀ արդարադատության նախարարությունում անցել է պետական փորձաքննություն, ստացել դրական եզրակացություն»,- ասաց Սաֆարյանը և հավելեց, որ  գերատեսչության կողմից ներկայացվել են առաջարկություններ և դիտողություններ, որոնք հաշվի են առնվել նախագիծը լրամշակելիս:

Երևանում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեությունը կարող են իրականացնել միայն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը՝ Երևանի քաղաքապետի տրամադրած թույլտվության հիման վրա:

Շրջիկ առևտրի իրականացման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային կամ թղթային հայտ:

Շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը տրամադրվում են (հատկացվում են) բացառապես Երևանի քաղաքապետարանի՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքէջի միջոցով՝ էլեկտրոնային ամրագրման եղանակով, մինչև երեք օր ժամկետով: Միաժամանակ դրանց հատկացման տևողությունը չի կարող գերազանցել օրական 14 ժամը և առավելագույնը` մինչև ժամը 23:00-ն:

ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանի հարցին, թե տվյալ նախագծով քաղաքում արդյոք կպակասե՞ն շրջիկ առևտրի կետերը՝ Սաֆարյանն ընդգծեց, որ առանձնացվել է 52 տարածք:

«Որոշ չափով քաղաքը սահմանափակ է և չունի բոլոր շրջիկ առևտրի կետերի պահանջները բավարարելու անսահման հնարավորություն»,- ասաց Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետը:

Որոշումն ընդունվեց 40 «կողմ», 0  «դեմ» և 3 «ձեռնպահ» ձայներով:

Շրջիկ առևտրի կետում չի թույլատրվի վաճառել գյուղատնտեսական արտադրանք, մսամթերք, ծովամթերք, կաթնամթերք, կենդանիներ, դեղեր և բժշկական նշանակության արտադրանք, շինանյութ, ավտոպահեստամասեր, հրավառության կամ հրագործական արտադրանք, պարֆումերիա-կոսմետիկական ապրանքներ, կենցաղային և համակարգչային տեխնիկա, աուդիո­ և տեսաարտադրանք, կենդանիների խնամքի համար նախատեսված իրեր, որսորդական պարագաներ, տնտեսական ապրանքներ և գրենական պիտույքներ, պահպանակներ, միջադիրներ և հիգենիայի այլ պարագաներ, ծխախոտի արտադրանք, թունդ ոգելից խմիչքներ, հեղուկ վառելիք, հեղուկացված նավթային գազ, տեխնիկական հեղուկներ, մանկական կերեր, այլ ապրանքներ, որոնց իրացումն արգելված կամ սահմանափակված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։

Շրջիկ առևտրի կետերում չի թույլատրվելու մատուցել վարսահարդարման և դիմահարդարման ծառայություներ, ինտերնետ ծառայություններ, բանկային կամ արտարժույթային ծառայություններ, կապի և հեռահաղորդակցության ծառայություներ, բժշկական ծառայություններ, կացարանի տրամադրում և այլ հյուրանոցային ծառայություններ։

Լիլիթ Դեմուրյան

Share