Բաժին. Տնտեսական

Մանե Թանդիլյանը դեմ է բնակարանների համար չհարկվող շեմը վերացնելուն

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը դժգոհ է գույքային  հարկի առաջարկվող փոփոխություններից, նա մասնավորապես դեմ է բնակարանների, բնակելի տների համար չհարկվող շեմը վերացնելուն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորը նման տեսակետ հայտնեց ԱԺ արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման իր ելույթում:

Պատգամավորի կարծիքով՝ առաջարկվում են վատթարացնող նորմերով գույքահարկի դրույքներ: «Այս գույքահարկի փոփոխությունների հիմնական շահառուն Երևանի քաղաքապետարանն է, համայնքն է: Եվ անգամ Երևանի համայնքապետարանը դեռ կարծիք չի հասցրել տալ, չունեք»,-ասաց Թանդիլյանը:

Պատգամավորը նկատեց, որ նախագծով գույքահարկը կբարձրանա միջինը 3-4 անգամ: Մոտ 580 հազար նոր գույքային միավոր դառնալու է հարկատու: Անդրադառնալով Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի խոսքին, թե հարկում են տեսանելի գույքը, Թանդիլյանը հարց բարձրացրեց՝ 3 մլն դրամով գու՞յքն է տեսանելի հարստություն: «200 մլն դրամից ավել արժեքով գույքը պետք է ավելի հարկվի, բայց դրա հաշվին պետք է անպայման սահմանվի չհարկվող շեմ՝ առնվազն մինչև 10 մլն դրամը»,-ասաց Թանդիլյանը:

Պատգամավորը նաև վստահ չէ, որ այդ 580 հազար գույք ունեցողները բոլորը եկամտային հարկ վճարող էին, և համահարթ եկամտային հարկի անցումից հետո իրենց հարկային բեռը նվազել է, և ունեն ավելի շատ եկամուտ, որ կարող են վճարել:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է կադաստրային արժեքների հիման վրա անշարժ գույքի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման համակարգից անցում կատարել շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգինԱռաջարկվում է սահմանել գույքի հարկով հարկման բազայի  նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար՝ նաև նոր դրույքաչափեր, վերացնել բնակարանների և բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ բնակարանների մասով մինչև 10 մլն դրամ, բնակելի տների մասով մինչև 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով  0.05 տոկոս հարկման դրույքաչափ:

Աննա Գրիգորյան

 

Share