Բաժին. Տնտեսական

Գույքահարկը զգալիորեն կաճի. վիճահարույց օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության հեղինակած օրինագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել գույքահարկի առնչությամբ:

«Օրինագծի նպատակը տեսանելի հարստությունը կամ ունեցվածքը համարժեք հարկելն է: Գործող օրենքի հիմնական խնդիրը նրանում է, որ գույքային հարկերի հարկման բազան, որը կադաստրային արժեքն է, շեղված է շուկայական արժեքներից, այն իմաստով, որ խիստ թերագնահատված է»,- ասաց հարցի հիմնական զեկուցող, Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 74 «կողմ», 14 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է կադաստրային արժեքների հիման վրա անշարժ գույքի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման համակարգից անցում կատարել շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգին: Առաջարկվում է սահմանել գույքի հարկով հարկման բազայի  նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար՝ նաև նոր դրույքաչափեր, վերացնել բնակարանների և բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ բնակարանների մասով մինչև 10 մլն դրամ, բնակելի տների մասով մինչև 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով  0.05 տոկոս հարկման դրույքաչափ:

Share