Բաժին. Տնտեսական

Արտոնություն է տրվել էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերությանը

Կառավարությունը բավարարել է «Սոլար ֆարմ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է էլեկտրաէներգիայի արտադրության համար (արևային կայանի կառուցում) (ք. Երևան)։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 1 մլրդ 873 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված ապրանքների ձեռքբերման, իսկ մնացած մասը արևային կայանի կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 1 աշխատատեղ, կստեղծվի ևս 5 հիմնական և 50 ժամանակավոր նոր աշխատատեղ` 100,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրի շրջանակում էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալը կազմելու է շուրջ 254.3 մլն դրամ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 51.3 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 4.2 մլն դրամ:

Գործադիրը հավանություն է տվել 2020 թ. մայիսի 13-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 14 փոփոխությունը» հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ըստ այդմ՝ ԱՄՆ ՄԶԳ կողմից ներկայացված թիվ 14 փոփոխությամբ նախատեսվում է հատկացնել լրացուցիչ 7 մլն 467 հազար ԱՄՆ դոլար: Ամերիկյան կողմի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը վերոնշյալ համաձայնագրի շրջանակում կկազմի 91 մլն 871 հազար 406.36 դոլար: Լրացուցիչ միջոցներն ուղղվելու են ենթակառուցվածքային ծառայությունների զարգացման աջակցության ծրագրերին։

Share