Բաժին. Տնտեսական

Սուրեն Պարսյան. Գույքահարկի փոփոխման նախագիծը սոցիալական կոմպոնենտ չունի

Մոտավորապես մեկ տարի է՝ Ազգային ժողովում քննվում, քննարկվում ու քննադատվում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որն իրենից ներկայացնում է գույքային հարկի բեռի բարձրացում: Ըստ այդմ՝ չհարկվող գույք չի մնալու։

Օրերս ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ 70 «կողմ», 11 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով։

«2019-ի հոկտեմբերին կառավարության ներկայացուցիչն ու պատգամավորներ հավաստիացնում էին, որ այս օրենքի նախագծով լրացուցիչ հարկային բեռ չի առաջանում։ Անցավ 8 ամիս, հայտարարեցին՝ անցած տարի բարձրացրել էինք, հիմա փորձում ենք իջեցնել», – տնտեսագետ Սուրեն Պարսյանը մտահոգություն ունի. ստացվում է՝ չհարկվող անշարժ գույք չի լինելու. – «Այս նախագիծը սոցիալական կոմպոնենտ չունի և լրացուցիչ սոցիալական խնդիրներ է ստեղծում հենց սոցիալապես խոցելի խմբի համար»։

Տնտեսագետը կարծում է, որ սա ոչ թե որևէ խնդիր կլուծի, այլ լրացուցիչ խնդիր կդառնա պետական համակարգի համար, դատական համակարգի համար։

«Մեզ մոտ գույքահարկի հավաքաագրումը շատ ցածր մակարդակի վրա է գտնվում, դա ոչ թե նրա համար, որ գույքահարկի տոկոսներն են ցածր, այլ վարչարարությունն է վատ», – ասում է տնտեսագետն ու բեջբերում մի քանի իրավական հարցեր՝ այդ թվում իրավահաջորդության խնդիրը։

Հիշեցնենք՝ ավելի բարձր գույքահարկերին անցնելու ժամկետը 4-ի փոխարեն սահմանվել է 6 տարի: Այսպիսով՝ անշարժ գույքի սեփականատերերը առաջին տարում՝ 2021 թվականին կվճարեն գույքահարկի 25 տոկոսը, 2022 թվականին՝ 30 տոկոսը, 2023 թվականին՝ 35 տոկոսը, 2024 թվականին՝ 50 տոկոսը, 2025 թվականին՝ 75 տոկոսը, 2026 թվականին՝ 100 տոկոսը:

Share