Բաժին. Տնտեսական

Սևանի ափամերձ հատվածներում կապամոնտաժվի 1724 միավոր շենք-շինություն

Սևանա լճի ափամերձ հատվածներում՝ 1901,5 մետր նիշից ցածր գտնվող տարածքում իրականացվել են ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների քարտեզագրման և գույքագրման աշխատանքները և առանձնացվել  1724 միավոր շենք-շինություն:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ոսկեհատ Գրիգորյանը նշեց, որ դրանցից 32-ը համարվում են պետական և համայնքային նշանակության շենք-շինություններ:

«Պետական և համայնքային նշանակության շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները նախատեսվում է իրականացնել պետական բյուջեի շրջանակում: Այս տարվա ավարտին արդեն կֆինանսավորվեն 24 պետական նշանակության շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքներ: Մասնավոր շենք–շինությունների սեփականատերերին արդեն իսկ ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ իրենց պատկանող շինությունները սեփական միջոցներով ապամոնտաժելու համար»,- ասաց Ոսկեհատ Գրիգորյանը:

Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումներն ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահում Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման խնդիրը։ Այս պահին կապտականաչ ջրիմուռների ակտիվություն է դիտարկվում ինչպես Մեծ Սևանի, այնպես էլ Փոքր Սևանի հատվածներում։ 2019-ին մեկնարկած՝ Սևանի ափամերձ անտառածածկ հատվածների մաքրման աննախադեպ ծավալների շնորհիվ այս տարի լճում ֆոսֆորի կոնցենտրացիան անհամեմատ նվազել է։ Նախորդ տարվա ընթացքում ափամերձ հատվածներից մաքրվել է շուրջ 100 հեկտար անտառածածկ տարածք։ Այս տարի աշխատանքները կշարունակվեն։

Share