Բաժին. Տնտեսական

Ազգային Ժողով. Հանդիպում զբոսաշրջության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից զբոսաշրջության հարցերի աշխատանքային խմբի անդամներ Աննա Կոստանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սոֆիա Հովսեփյանը, Տաթեւիկ Գասպարյանը Հռիփսիմե Գրիգորյանի նախագահությամբ հուլիսի 23-ին հանդիպել են զբոսաշրջության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի ընթացիկ խնդիրներին եւ Կառավարության կողմից տնտեսական աջակցության ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցել եւ տնտեսավարողների հարցերին է պատասխանել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը: Անդրադարձ է կատարվել ոչ միայն  համավարակի շրջանում ի հայտ եկած, այլեւ ընդհանրապես զբոսաշրջության ոլորտին վերաբերող օրենսդրական, հարկային դաշտի կարգավորմանը, տնտեսվարողների, մասնավորապես զբոսավարների գործունեության որակավորմանը, մարքեթինգին եւ ոլորտի առաջխաղացմանը վերաբերող բազմաթիվ հարցերի:

Բարձրացված հարցերը համակարգելու եւ տեսակավորելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Նախատեսվում են հանդիպումներ անցկացնել առանձնացված հարցերի օրակարգերով, իսկ նախաձեռնողներին հնարավորություն ընձեռել հանդես գալու համապատասխան առաջարկություններով:

Ըստ Հռիփսիմե Գրիգորյանի՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից զբոսաշրջության հարցերի աշխատանքային խումբը հարթակ է, որտեղ քննարկվում են ոլորտի խնդիրները, ուղղորդվում Կառավարություն եւ համատեղ լուծումներ գտնվում:

Share