Տնտեսական

ՏԱՑ-ը հունիսին մայիսի համեմատ աճել է 14.8%-ով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կորոնավիրուսի համավարակի պայմաններում 2020 թվականի մայիսից սկսած՝ ամսական կտրվածով նախորդ ամսվա համեմատ աճում է՝ ընդ որում գնալով ավելի մեծ տեմպով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝  տնտեսական ակտիվության ցուցանիշը մայիսին նախորդ ամսվա՝ ապրիլի համեմատ աճել է 13.3 տոկոսով, իսկ հունիսի ցուցանիշը մայիսի համեմատ աճել է 14.8 տոկոսով:

Ընդ որում՝ այս տարվա հունիսին մայիսի համեմատ աճել են ինչպես արդյունաբերական արտադրանքի, շինարարության ծավալները, առևտրի շրջանառությունը, մատուցած ծառայությունների ծավալը, այնպես էլ արտաքին առևտրաշրջանառությունը: Մասնավորապես հունիսին մայիսի համեմատ արտահանման ծավալն ավելացել է 14.7 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 13.1 տոկոսով: Շինարարության ծավալը հունիսին նախորդ ամսվա համեմատ աճել է բավականին մեծ չափով՝ 21.6 տոկոսով:

Բացի այդ ամսական կտրվածքով ապրիլից սկսած տնտեսական անկման տեմպի թուլացում է նկատվում նաև նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատելիս: Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020 թվականի ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ նվազել էր 16.3 տոկոսով, այս տարվա մայիսին՝ նախորդ մայիսի համեմատ անկումն ավելի քիչ էր՝ 12.8 տոկոս, իսկ հունիսին՝ նախորդ հունիսի համեմատ անկումը կազմել է ընդամենը 7.5 տոկոս:

Աննա Գրիգորյան

Share